Սովը ցեղասպանության անտեսանելի զենք է․ Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ հայերի նկատմամբ ցեղասպանություն է՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի. ՄՔԴ նախկին դատախազը հաշվետվություն է ներկայացրել
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն է։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ հրապարակելով իր հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իր հաշվետվության մեջ Օկամպոն նշել է, որ ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ, լուսաբանվում է մամուլում 2022 թվականի դեկտեմբերից և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։
Ինչպես նշել է ՄՔԴ նախկին դատախազը, իր ներդրումն այն է, որպեսզի բացատրի, թե ինչու դա պետք է համարվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի. «Խմբի կանխամտածված կենսապայմանների ստեղծում՝ հաշվարկված նրա ֆիզիկապես ոչնչացման վրա»:
«Այստեղ չկան դիակիզարաններ, և չկան մաչետեով հարձակումներ: Սովը ցեղասպանության անտեսանելի զենք է: Առանց անհապաղ առանցքային փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի: Շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովը իրենից ներկայացնում է ցեղասպանության արխետիպը՝ պարտադրել կենսապայմաններ, որոնք ուղղված են խմբի ոչնչացմանը»,- ասվում է Օկամպոյի հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, «իր համար պատիվ է իր ներդրումն ունենալ՝ ներկայացնելով անաչառ հաշվետվություն»։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել օգնել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել հայերի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում։