Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է արել «հեռանալ և դադարեցնել Վրաստանի տարածքների բռնազավթումը»։
«Մենք կշարունակենք հստակ արտահայտել մեր աջակցությունը այս քաղաքականությանը»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նույն օրը ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաստատել է Վաշինգտոնի «անփոփոխ աջակցությունը» Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Հակամարտությունից տուժած բնակչության կյանքը ընդմիշտ փոխվել է Ռուսաստանի գործողությունների հետևանքով։ Խորին հարգանքով և անկեղծ կարեկցանքով մենք հիշում ենք ռուսական զորքերի գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և տեղահանված անձանց»,- ասել է Բլինքենը։
Բլինքենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, «լի է վճռականությամբ» պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին 2008 թվականի հրադադարի և զորքերը մինչև հակամարտության սկզբի դիրքեր դուրս բերելու պարտականություններից հրաժարվելու համար:
«Ռուսաստանը նաև պետք է չեղարկի վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։ Այս գործողություններն անհրաժեշտ են, որպեսզի հարյուր հազարավոր ներքին տեղահանված անձինք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները և ապրել արժանապատիվ»,- հավելել է նա: