Մարտի 7-ը՝ «Արյունոտ ուրբաթ» Սիրիայում. Զոհերի թիվը հասել է 1000-ի

Սիրիայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան Al Nahar թերթի տեղեկություններով՝ Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբող ալավիների (կրոնական փոքրամասնություն, որը կազմում է Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում է հիմնականում երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։


Այնուամենայնիվ, սրանք ճշգրիտ տվյալներ չեն։ Մերձավորարևելյան թեմաներով մասնագիտացած Telegram ալիքները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 10 հազարի։


Մարտի 6-ի երեկոյան Լաթաքիայում բռնկված ալավիների ապստամբությունը հանգեցրել է ոչ միայն կատաղի մարտերի Սիրիայի նոր իշխանությունների զինված կազմավորումների և Դիմադրության ուժերի միջև, այլև տեղի բնակչության կոտորածների՝ հիմնականում ալավիների և քրիստոնյաների (կրոնական փոքրամասնություն):


Փաբլիքներում մարտի 7-ն արդեն կնքվել է «Արյունոտ ուրբաթ» անվանումով. տասնյակ ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, անխղճորեն սպանվել են, կոտորվել Սիրիայի նոր կառավարությանն աջակցող զինված խմբերի կողմից։ Սոցիալական ցանցերը հեղեղված են սիրիական ափին խաղաղ բնակիչների դեմ կատարված վայրագությունների կադրերով։