Իսրայելի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին և ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ հարվածները հաջորդել են Հարավային Լիբանանում տեղակայված իսրայելցի զինծառայողների ուղղությամբ «Հեզբոլլահի» արձակած անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Զինվորականների շրջանում տուժածներ չեն եղել։
Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածների թիրախում են հայտնվել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքները, այդ թվում՝ զենքի պահեստները, ինչպես նաև կազմակերպության զինված անդամները։
Իսրայելական կողմը հայտարարել է, որ գործողության նպատակն անմիջական սպառնալիքի վերացումն էր։
Միաժամանակ, Իսրայելի բանակը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Լիբանանում հաստատված հրադադարի պայմանավորվածություններին։