Էրիկի՝ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ռուսական ալիքի եթերում ներկայացվել է որպես ադրբեջանական․ երգիչը հարցին տվել է իրավական ընթացք

Երգիչ Էրիկ Կարապետյանը սոցցանցի իր էջերում ահազանգում է, որ իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ռուսական ալիքում ներկայացրել են որպես ադրբեջանական երգ:


««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության…


Ես լռել եմ: Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որևէ թույլտվության, իմ երգը հնչեց աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ:  Ու ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ: 


Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երևանում: 


Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը: 


Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար: 



Նշեմ, որ ստեղծագործությունն առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։


Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները: 


Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը՝ արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,- Facebook-ում գրել է երգիչը: