Ռուսաստանն արդեն բենզին է ներկրում Մարոկկոյից՝ Հնդկաստանից և Ղազախստանից հետո

Ռուսաստանը ծովային ճանապարհով ստացել է 30.000 տոննա ծավալով Аи-92 բենզինի խմբաքանակ՝ ներմուծված Մարոկկոյից: Այս մասին Reuters-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ։


Նրանց տվյալներով՝ Պանամայի դրոշի ներքո լցանավը վառելիքի խմբաքանակը բեռնել է Մարոկկոյի Տանժեր նավահանգստում հուլիսի կեսերին և այժմ բեռնաթափում է այն Մուրմանսկ նավահանգստում։ Գործակալության աղբյուրները պարզաբանել են, որ որպես վառելիքի մատակարար հանդես է եկել «Լուկոյլ» ընկերությունը։


Մարոկկոյական բենզինը, ենթադրաբար, արդեն վաճառքի է հանվել Սանկտ Պետերբուրգի ապրանքային բորսայում, նշում է գործակալությունը: Գնորդներին առաջարկվում է Аи-92 բենզին, որը երկաթուղային տրանսպորտով մատակարարվում է Կոլա կայարանից (Մուրմանսկի նավահանգիստ):


Մարոկկոն դարձել է երրորդ երկիրը, որտեղից Ռուսաստանը սկսել է բենզին գնել Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից հետո: