ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրղզստանի նկատմամբ՝ սահմանափակումները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու համար. WP
Միացյալ Նահանգները պատրաստվում է սահմանափակող միջոցներ կիրառել Ղրղզստանի դեմ, որի միջոցով Ռուսաստանին մատակարարվում են պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ, օրինակ՝ դրոններ Չինաստանից, գրում է The Washington Post-ը։

Ղրղզստանի դեմ պատժամիջոցները, պարբերականին հայտնել են ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները, կարող են սահմանվել արդեն հուլիսի վերջին։ Թե կոնկրետ ինչ սահմանափակող միջոցների մասին է խոսքը՝ նրանք չեն հստակեցրել, սակայն հիշեցրել են, որ ավելի վաղ նման դեպքերում կիրառվել են պատժամիջոցներ և ընկերություններ ներառվել սև ցուցակում։ 

Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր և դրան հաջորդած պատժամիջոցներից հետո Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է անոմալ կերպով, հիշեցնում է The Washington Post-ը։ Ենթադրվում է, որ այդ երկրների միջոցով՝ ներառյալ Ղրղզստանը, Ռուսաստան են մատակարարվում ապրանքներ, որոնց ուղիղ արտահանումը Ռուսաստանի Դաշնություն պատժամիջոցների տակ է։

ԱՄՆ-ում Ղրղզստանի դեսպանատունը, որին դիմել է The Washington Post-ը մեկնաբանությունների համար, հավաստիացրել է, որ երկիրը կողմնակից է անօրինական առևտրի դեմ պայքարին: Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության աճը դիվանագիտական ներկայացուցչությունը, ի թիվս այլ բաների, կապել է սահմանները հատող ապրանքներին հետևելու համակարգի կատարելագործման հետ: Դեսպանատունը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը երկրի հիմնական առևտրային գործընկերներից է, և նրա տարածքում ապրում է Ղրղզստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի։