Հոկտեմբերի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ «Մեգամոլում» տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։
Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, միջոցառմանը ներկա էին գտնվել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները և IN Groupe ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Յան Հագեն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը։

Ռեջիս Բուշյեն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, մատուցվող ծառայություններն ու քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները։ Ներկաները շրջել են տարածքում՝ ծանոթանալով ծառայությունների մատուցման ընթացակարգերին։


«Համատեղ ջանքերի արդյունքում ներդրվել է բոլորովին նոր համակարգ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Այսպիսով մենք վերանայում ենք սպասարկման մշակույթը՝ կարևորելով յուրաքանչյուր փուլում գործընթացների հստակությունն ու տվյալների անվտանգությունը»,- ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


Նոր գրասենյակի բացումը ծառայությունները քաղաքացուն ավելի մոտ դարձնելու հերթական քայլն է՝ նրան հարմար միջավայրում և հասանելի ձևաչափով։