Դրանից կշահի միայն մեկ մարդ՝ նախագահ Պուտինը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանց Եվրոպայի մասնակցության Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստվելու համար և հայտարարել նույնիսկ խաղաղություն կնքելուց հետո Ուկրաինան զինելու անհրաժեշտության մասին:


«Սահմանները չպետք է ուժով փոխվեն։ Այս սկզբունքը պետք է գործի միշտ և ամենուր, բոլորի և յուրաքանչյուրի համար։ Մենք նաև ընդունելի չենք համարում որևէ որոշում, որը տանում է եվրոպական և ամերիկյան անվտանգության տարանջատման։ Դրանից կշահի միայն մեկ մարդ՝ նախագահ Պուտինը։ Մենք՝ եվրոպացիներս, վստահ և միահամուռ կերպով ներկայացնելու ենք մեր շահերը առաջիկա բանակցություններում։ Հենց մենք՝ եվրոպացիներս ենք ամենաշատը աջակցում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։


Կանցլերը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի պարտադրված խաղաղության հետ, Ռուսաստանի հաղթանակը կամ Ուկրաինայի փլուզումը խաղաղության հաստատման չի հանգեցնի, այլ ավելի կվտանգի խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։


«Խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի ինքնիշխանությունն ապահովվի, ուստի մենք երբեք չենք աջակցի Ուկրաինային պարտադրված խաղաղությանը»,-ասել է նա: