Ընդդիմության «ամերիկյան դեպրեսիան» կամ՝ ինչպես նսեմացնել «USAID-ից տուժած» Հայաստանի վարչապետի այցը ԱՄՆ

Հանրապետությունում  սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայից բացի՝ մոլեգնում է նաև ընդդիմության «ամերիկյան դեպրեսիան»։ Այս ախտահոգեբանական տհաճ վիճակը, հիշեցնենք, ի հայտ եկավ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումից հետո և շարունակվում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի օրերին։ Ընդդիմության ագիտպրոպը ձեռքից եկածի ու խելքին հասածի չափով սկզբում լծվել էր հիշյալ կանոնադրության նշանակությունը նսեմացնելու, եթե չասենք՝ զրոյացնելու, այն անարժեք թղթի կտոր ներկայացնելու անպատիվ գործին, այժմ էլ նույնը փորձում է անել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասով։ Մասնավորապես ԱՄՆ-ում գործող դաշնակցական կառույցներն ու դաշնակցապատկան մամուլի օրգանները, ինչպես և սպասվում էր, ցույց տվեցին իրենց «մակարդակը»՝  «Փաշինյանը ժողովրդավարությունից շեղվել է», «Արցախի փախստականներին մոռացել է», «Արցախին դավաճանել» է պաստառներով բողոքի ակցիաների և Փաշինյանի «խայտառակ»  ելույթների ու դասախոսության մասին հոդվածների, «վերլուծությունների» տեսքով։ Նրանց այստեղ՝ ՀՀ-ում  ձայնակցող անսամբլն էլ  արդեն քանի օր է՝ չարախնդում է՝ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցը Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից, ոչ մի էֆեկտ չի ունենում: Այս հիբրիդային հարձակումն, անտարակույս, ինքնագործունեության արդյունք չէ, այլ շարունակությունն է ՀՀ-ի պրոարևմտյան կուրսի դեմ իրականացվող ասիմետրիկ պատերազմի։ Պատահական չէ, որ Փաշինյանի այցը տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ-ի՝  USAID-ի շուրջ տեղի ունեցող սկանդալային զարգացման ֆոնին, իսկ այդ կազմակերպությունը,  որը շուրջ երեք տասնամյակ ծրագրեր է իրականացնում ՀՀ-ում, մեղադրվում է «դեմոկրատիայի անվան տակ քայքայիչ գործունեություն» իրականացնելու մեջ։ Նախօրեին, նկատենք, ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ իրականացնող երկրի՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վ. Վոլոդինն էր «գուժել»՝ «Հայաստանը տուժել է USAID-ից «ժողովրդավարության առաջխաղացման» պատճառով»՝ կազմակերպությանը մեղադրելով աշխարհի մի շարք երկրներում «պետական ​​հեղաշրջումների նախապատրաստում և կազմակերպում» նախատեսող նախագծեր ու ծրագրեր ֆինանսավորելու մեջ։ Եվ ահա, այս ամենի խորապատկերին տեղի է ունենում հեղափոխության միջոցով իշխանության եկած Փաշինյանի հանդիպումների շարքը այն երկրում, որի հետ շաբաթներ առաջ ստորագրվել է վերոհիշյալ փաստաթուղթը՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելով ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները։  


ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ այցի նշանակությունը նսեմացնելու քարոզչությանը լծված հայտնի շրջանակները ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե «քաղաքական դեֆոլտի» ենթարկված  (ձևակերպումը Սերժ Սարգսյանի թիմակիցներից մեկինն է) Փաշինյանը թեև ընդունել է Արևմուտքի և մասնավորապես նաև ԱՄՆ-ի  «հպատակությունը»՝ իր ռազմավարական դաշնակցին դավաճանելու գնով, սակայն նրա այդ  զոհողությունը չի փրկելու նրան։ Նրան լուրջ չեն ընդունում։  Եվ ինչպես Ղարաբաղը այդ արևմտասիրության արդյունքում «մատաղ արեց», այնպես էլ  նույնը տեղի կունենա Հայաստանի հետ։ Եկեք հիշենք, թե ինչ հրճվանք էին ապրում նույն այս շրջանակները, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց  Դ. Թրամփը, որի օրոք, ըստ նրանց հաշվարկի, ԱՄՆ-ը կմեղմացնի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, աչքաթող կանի տարածաշրջանը, բավարար ուշադրություն չի հատկացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին (ի տարբերություն Բայդենի վարչակազմի)՝ այս խնդրով «խնամակալությունը» թողնելով ՌԴ-ին։ Իսկ ՌԴ-ն և Ադրբեջանը կմիավորեն իրենց ջանքերն ու «կլուծեն» Հայաստանի հարցերը հօգուտ իրենց։ Դե իսկ խաղաղության ձախողված օրակարգը կստիպի Փաշինյանին հրաժարական տալ՝ իշխանության գալու ճանապարհ բացելով իրենց՝ նախկին ռեժիմի համար։


«Սարսափելի է տեսնելը, թե որքան մարդ է (այդ թվում «արևմտամետի» դիմակով) փափագում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների փլուզումը Թրամփի օրոք... Որ ռսաթուրքերը Հայաստանի հարցերը հեշտ լուծեն»,-արձագանքելով վերջին օրերին «ամերիկյան դեպրեսիայով» տառապողների  հայտարարություններին՝ Ֆեյսբուքում  մասնավորապես գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։


ՀՀ վարչապետի՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած  հանդիպումը նույնպես արժանացավ նսեմացման։  Այս հանդիպման փաստը  ըստ էության դիտարկելու ու գնահատելու փոխարեն՝  հիբրիդային պատերազմի մարտիկները  կենտրոնացել են  հանդիպման մասին վկայող լուսանկարի վրա՝ իրենց «խորքային վերլուծությունը»  կառուցելով ըստ այնմ, թե ինչ դիրքով են կանգնած Փաշինյանն ու Վենսը։  Անգամ համացանցում հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցերի ու ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումների լուսանկարներ՝ այսպիսի  մեկնաբանմամբ՝ նախկինների օրոք ոչ թե ոտքի վրա, այլ սեղանի շուրջ, դեմ առ դեմ էին հանդիպում ՀՀ  լիդերներին, իսկ «կապիտուլյանտ»-ի հետ, ահա, իմիջիայլոց են հանդիպում ու սելֆի անում նրա հետ՝ ինչպես ԱՄՆ եկած որևէ զբոսաշրջիկի։  «Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա»,-գրել է կարկառուն ՀՀԿ-ականներից մեկն ու հավելել՝ «երկար ու տարբեր խնդրանքներից հետո Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել, բնականաբար որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում»:


Ցավալի է արձանագրելը, որ այսօրինակ չարախինդ մեկնաբանություններ անում են  իշխանություն եղած և պատասխանատու պաշտոններ զբաղեցրած նախկին պաշտոնյաներ, որոնք տեղյակ են միջազգային  արարողակարգից,  ամերիկյան վարչակազմի առանձնահատկություններից և, տեղյակ լինելով էլ, փաստորեն,  ներքաշվել են  սեփական երկրի ղեկավարին ամեն գնով թիրախավորելու, անվանարկելու օպերացիայում՝ մոռանալով, որ այսպիսով թիրախավորում են Հայաստան պետությունն ու դրա շահերը։     


Ամփոփելով Ն. Փաշինյանի ԱՄՆ կատարած այցը՝ վերհիշենք վերջինիս հանդիպումների շարքը։ Եվ այսպես, վարչապետը ԱՄՆ էր մեկնել աշխատանքային այցով, փետրվարի 3-7-ը։ Վերջինիս մամուլի ծառայությունը ծանուցել էր, որ այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում  5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելուց զատ կունենա նաև այլ հանդիպումներ։


Փետրվարի 3-ին Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել  ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։   Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը՝ ընդգծելով՝ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է՝ այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է:


 Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանությանը և առկա հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վարչապետը  կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը։


Նույն օրը  Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը՝ ի պատիվ վարչապետի այցի: Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն աջակցելու Հայաստանին իր օրակարգերն առաջ մղելու գործում:


Նույն օրը տեղի ունեցած վարչապետի մեկ այլ՝  ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսականներ Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և  Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ հանդիպման ժամանակ էլ  քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։


Փետրվարի 5-ին Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով,  պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի:

Փետրվարի 6-ին Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան,  հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ:


Նույն օրը Վաշինգտոնում վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ, քննարկել ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:


Փետրվարի 6-ին կայացած մյուս հանդիպումը ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ էր։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:


Փետրվարի 7-ին, ինչպես արդեն ասացինք, Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ  Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը,  քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

 

Հ. Մ.