Սամվել Կալուգացին ցուցմունք է տվել ինքն իր դեմ՝ հոլովելով «նախընտրական կաշառք» կապակցությունը

Երբ հայտնի դարձավ, որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ թվեաթերթիկում «Ուժեղ Հայաստանի» թիվը  3-ն է, «մե ծափ, մե խինդ, մե ուրախուչուն» տիրեց ուժեղների ագիտպրոպում։  Հիշեցին 3 թվի աստվածաշնչյան խորհուրդը, ու եթե խիղճ ու պատկառանք չունենային, Սամվել Կարապետյանին կներկայացներին որպես «սուրբ երրորդության» մարմնավորումը երկրի վրա։ Չի բացառվում, որ քարոզարշավի ինչ-որ փուլում ականատես լինենք նաև նման պրեզենտացիայի։


Քվեաթերթիկում 3 թվի տակ հանդես գալու հանգամանքը ստիպեց Սամվել Կարապետյանին նախքան այդ 5 հարց տվող Ալիկ Ալեքսանյանին  հարցերի թիվը կրճատել ու դարձնել 3՝ քարոզչական «թրենդին» համահունչ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե, ասենք, վիճակահանության արդյունքում ՈՒՀ-ի թիվը լիներ, ասենք, 19-ը։ Ալիկ Ալեքսանյանը ստիպված էր լինելու ճկռտալ ու 19 հարց մտածել, դրանց պատասխանները բստրել, շեֆն էլ ստիպված էր լինելու 19 հարցի պատասխան անգիր անել՝ ինքզինքը ենթարկելով ինտելեկտուալ բռնության։ Ինչո՞ւ միայն ինքզինքը, իր մտքի զիգզագները  լսողներին էլ։ Ինչևէ։


Դառնանք Ալիկ Ալեքսանյանի հերթական հարցերի եռյակին, որոնցից մեկը հետևյալ կերպ ձևակերպվեց՝ «Ով է Փաշինյանի ընտրողը, և ինչ կասեք նրան»։ Մտածում էինք՝ հեսա մի խորիմաստ, մի սուպերինտելեկտուալ  պատասխան կտա, որից Փաշինյանի ընտրողները կկծեն մատները, կհեղափոխվեն, մեկ գիշերվա մեջ կդառնան «Ուժեղ Սամոյի» համակիր, բայց․․․  «Կան մարդիկ, որոնք հույսները կտրել են, իրենց միակ հույսը դառել է նախընտրական կաշառքները, որ այս իշխանությունը մեկ ամիս առաջ նվիրեց մեր ժողովրդին։ Բայց դա չի օգնելու Փաշինյանին և իր իշխանությանը, շատ շուտով մենք լուրջ փոփոխություններ ենք բերելու, մենք դառնալու ենք բոլոր հայերի՝ թե Հայաստանի, թե  հույսները կտրած հայերի, թե հույսով հայերի, բոլոր հայերի համար հայրենասեր, մեր հայ արժեքները դավանող իշխանություն»,- ասել է Սամվել Կարապետյանը։


Ճիշտ լսեցի՞նք, Սամվել Կարապետյանը Փաշինյանի ընտրողներին անվանում է հույսը կտրա՞ծ,  թոշակների բարձրացմամբ էլ հույսը վերագտա՞ծ, բարձրացման փաստն էլ համարում է նախընտրական կաշառք ու, փաստորեն,  հոլովում «նախընտրական կաշառք» կապակցությո՞ւնը։  Հը՞ն։ Դասականը կասեր՝ յա, իրո՞ք։ Կա՛մ ասողը լավ չի պատկերացնում  կաշառք երևույթը, կաշառք բառի իմաստը, կա՛մ էլ հասկանում է, բայց իրեն դնում է անծայրածիր հիմարի տեղ։ Իրեն այդ կարգավիճակում զգացողը երևի տեղյակ չէ, որ քաղաքականության մեջ հիմարի «օտմասկան» վաղուց չի աշխատում, ՀՀ  քաղաքացիները լավ գիտեն հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկությունները, զանազանում են քաղաքական հիմարներին էլ, իրենց՝ քաղաքացիներին հիմարի տեղ դնել փորձողներին էլ,  ընտրակաշառատուներին էլ և ընդհանրապես կաշառք բառի հետ ասոցացվող բոլոր սուբյեկտներին։  


Փաստորեն, երեք թվի մագիայի ազդեցության տակ գտնվող Սամվել Կարապետյանը որոշել է վիճարկել հայտնի աֆորիզմի բովանդակությունը, թե՝ աշխարհում երկու բան է, որ սահմաններ չունի՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը։ Աֆորիզմն այդ այսուհետ կհամալրվի երրորդ բանով՝ ցինիզմով, այն է՝ բարոյական լկտիությամբ։ Եթե երեք թիվը տեսնեք, ապա այն ասոցացրեք  ծայր, սահմաններ չունեցող բաների հետ՝ տիեզերքի, հիմարության ու ցինիզմի։ 


Այո, անծայրածիր, տիեզերական մասշտաբի հիմար ու ցինիկ պետք է լինել՝  հոլովելու նախընտրական կաշառք բառը, երբ օր չկա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն չտարածի քո իսկ ստեղծած կուսակցության կողմից քաղաքացիներին ընտրակաշառք տալու մասին։ Սա նույնն է, երբ, ասենք, մարմնավաճառները բարոյախոսություն կարդան կուսության մասին, գողերն ու թալանչիները  դատողություն անեն արդար քրտինքով վաստակելու, ազնվության մասին, սերիական մարդասպանները դասեր տան հումանիզմի, մարդկային կյանքի անգին լինելու մասին․․․ և ևս մեկ սյուր բան՝ ռուսաֆիլները, պուտինիստները ջատագովեն արևմտյան արժեհամակարգը՝ օրնիբուն գոչելով  «դա զդռավստվուետ սոյուզ․․․ ըըըըը «եվրոսոյուզ»։

 

Էստեղ են ասել՝ Սամվել Կարապետյան, դուք ավելի լավ է իրար գլխի հավաքվեք, եռատակ նստեք, ձեր կողմից բաժանվող ընտրակաշառքի դարդը հոգացեք, բայց այնպես, որ հոգալու ընթացքում ստպիված չլինեք հայտնվել ԽՍՀՄ գլխավոր դատախազի նկարագրած իրավիճակում՝  «выйти на самих себя…»:  


Ի դեպ, քանի որ Սամվել Կարապետյանը, ինչպես պարզվեց, սիրում է շուլուխներ անել, ինչպես, օրինակ, իր՝ Կիպրոսի ու ՌԴ քաղաքացիություններից հրաժարվելու մասին լրագրողի հարցին պատասխանելիս, ապա առաջարկում ենք վերանայել իր ստեղծած կազմակերպության՝ «Ուժեղ Հայաստան կուսակցության», հապավումով՝ ՈՒՀԿ-ի  կարգավիճակն ու կուսակցությունից վերափոխվել ակումբի։ Ուժեղների ու հնարամիտների՞, թե՞ հանաքչիների ակումբի։ Հապավումը՝ ՈՒՀԱ։ Ռուսաստանյան համարժեքը՝  КВН՝ կլուբ վեսյոլիխ ի նախոդչիվիխ։  Ահագին պոպուլյար կդառնան։ 300 հազար աշխատատեղերի ստեղծման մասին հեքիաթի անիմաստ գլխացավանքից էլ կպրծնեն։ Իրոք, լուրջ ենք ասում, լրիվ լուրջ։