G7-ը անվտանգության երաշխիքներ տրամադրելով Ուկրաինային՝ ոտնձգություն է անում ՌԴ անվտանգության դեմ. Պեսկով
«Մեծ յոթյակի» երկրների՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մտադրությունը սխալ է ու վտանգավոր, քանի որ այդ կերպ այդ երկրները «ոտնձգություն են անում Ռուսաստանի անվտանգության դեմ»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմային մենք շատ բացասաբար ենք վերաբերվում։ Այս թեման անմիջականորեն առնչվում է այն հայտարարությանը, որ G7-ի երկրներն այսօր անվտանգության երաշխիքներ են տալու և այդ փաստը կբարձրաձայնեն Ուկրաինայի հետ կապված։ Մենք դա համարում ենք չափազանց սխալ և պոտենցիալ շատ վտանգավոր»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է Կրեմլի ներկայացուցչի խոսքերը։ 

Պեսկովի խոսքով՝ «Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ այդ երկրներն իրականում անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը». «Այսինքն՝ Ուկրաինային տրամադրելով անվտանգության երաշխիքներ՝ ոտնձգություն են անում Ռուսաստանի անվտանգության դեմ»։