ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առանձին-առանձին հայտարարել են, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայի հատվածում հրադադարի համաձայնության են հասել իրենց շնորհիվ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հրադադարի մասին հայտարարելով՝ Բայդենն ասել
է, որ համաձայնագիրը հիմնականում կրկնում է 2024 թվականի մայիսին իր արած առաջարկի
շրջանակները: Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե դասագրքերում ով է մեծարվելու հրադադարի համար, Բայդենը ժպտացել և պատասխանել
է. «Դա կատա՞կ է»:
«Ծրագիրը մշակվել և համաձայնեցվել է իմ թիմի կողմից և մեծ
մասամբ կիրականացվի եկող վարչակազմի կողմից: Ահա թե ինչու ես իմ թիմին հանձնարարել
եմ եկող վարչակազմին լիովին տեղեկացնել»,- ասել է Բայդենը հունվարի 15-ի երեկոյան
Օվալաձև կաբինետից իր հրաժեշտի ուղերձում:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք հանդես ենք եկել որպես
մեկ միասնական թիմ»,- ասել է Բայդենը։
Դոնալդ
Թրամփն էլ հայտարարել է, որ իր
թիմը «հասել է» Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնությանը «նույնիսկ Սպիտակ տանը չգտնվելով»:
«Հրադադարի այս վիթխարի համաձայնագիրը
կարող էր տեղի ունենալ միայն նոյեմբերին (ԱՄՆ նախագահական ընտրություններում) մեր
պատմական հաղթանակի արդյունքում, քանի որ այն ազդանշան դարձավ ամբողջ աշխարհին, որ իմ վարչակազմը կձգտի խաղաղության և կվարի բանակցություններ գործարքների մասին, որպեսզի ապահովի
բոլոր ամերիկացիների և մեր
դաշնակիցների անվտանգությունը»,- գրել է Թրամփը
հունվարի 15-ի երեկոյան իր TruthSocial սոցիալական ցանցում:
Դոհայի
բանակցություններին, որտեղ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, մասնակցել է Սթիվեն Ուիթկոֆը, որին Թրամփը ընտրել է որպես Մերձավոր Արևելքում իր հատուկ բանագնաց։ Նա գտնվել է Դոհայում բանակցությունների վերջին 96
ժամվա ընթացքում, որոնք
հանգեցրին գործարքի, նշում է Reuters-ը։