Կախովսկի ՀԷԿ-ում Ուկրաինան իրականացրել է կանխամտածված դիվերսիա. Պեսկով
Ուկրաինան դիվերսիա է իրականացրել Կախովսկի ՀԷԿ-ում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույցներ է ստանում իրավիճակի մասին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից զեկույցներ է ստանում այն մասին, թե ինչ է կատարվում Կախովսկի ՀԷԿ-ի շուրջ: Այստեղ մենք արդեն միանշանակ կարող ենք հայտարարել, որ խոսքը ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է»,- ասել է Պեսկովը։ 

Պեսկովի խոսքով՝ «այդ դիվերսիան պոտենցիալ կերպով կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների տարածաշրջանի մի քանի տասնյակ հազար բնակիչների համար, բնապահպանական հետևանքների և այլ բնույթի հետևանքների, որոնք դեռ պետք է պարզել»։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները, թե իբր ինքը մասնակից է Կախովսկի հիդրոէլեկտրակայանի հրթիռային հարձակմանը։ Դիվերսիան կատարվել է Կիևի իշխանությունների հրամանով. նրանք պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար, նշել է Պեսկովը։