Դատարանում հարցաքննված ոստիկանության զորքերի շտաբի աշխատակից- վկաները ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոխգնդապետ դստերը աշխատավայրում երբևէ չէին տեսել
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին վկաները։ Ամբաստանյալները մեղադրվում են պաշտպանության նախարարությունում և ռազմական ոստիկանությունում առանձնապես խոշոր չափերով գույք և պետական միջոցները վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու և այլ հոդվածներով։
Դրվագներից մեկով, ըստ մեղադրող կողմի, Վլադիմիր Գասպարյանի դուստրը գրանցված է եղել որպես աշխատակից, սակայն աշխատանքի չներկայանալով՝ ստացել է աշխատավարձ։ Գասպարյանի դուստրը՝ Յուլյա Գասպարյանը Ոստիկանությունում գրանցված է եղել որպես ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ։ Նրա հետ նույն ժամանակահատվածում ոստիկանությունում աշխատած 4 վկաներից ոչ մեկը չէր տեսել, չէր ճանաչել Յուլյա Գասպարյանին։
Վկաներից մեկն ասաց, որ 2018 թվականին Լևոն Երանոսյանի հրամանով նա ազատվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնից, և իր փոխարեն պաշտոնի է նշանակվել Վլադիմիր Գասպարյանի դուստրը, իսկ նա նշանակվել է նույն բաժնում օպերատիվ սպայի պաշտոնում, սակայն չի հասցրել հանձնում-ընդունում կատարել։ 3 օր անց նա կրկին վերանշանակվել է իր նախկին պաշտոնում։
Չնայած աշխատանքի չգնալուն՝ Յուլյա Գասպարյանը հասել է փոխգնդապետի կոչման, ավելին՝ բարեխիղճ աշխատելու համար վերջինս տարբեր կերպով խրախուսվել է Լևոն Երանոսյանի կողմից։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնել էր, որ ինքը չի իմացել, որ իր դուստրը պարբերաբար աշխատանքի չի ներկայացել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան