Իսրայելի ցամաքային ուժերը 1973 թվականից ի վեր առաջին անգամ բացահայտ մտել են Սիրիայի տարածք՝ հատելով ապառազմականացված սահմանային գոտին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով երկու պաշտոնյաների։
Բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել
է, որ Իսրայելը «զորքեր է տեղակայել Սիրիայի տարածքում»՝ հաստատելով, որ
զինվորականները դուրս են եկել Գոլանի բարձունքներում ապառազմականացված բուֆերային
գոտու սահմաններից: Ելույթ ունենալով «Գոլանի» բրիգադի նորակոչիկների առաջ՝ Հալևին
ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ կռվում է չորս ճակատներում՝
Հորդանանի Արևմտյան ափում, Գազայի հատվածում, Լիբանանում և, այս պահից սկսած,
Սիրիայում:
Միևնույն ժամանակ, ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ցամաքային և օդային
ուժերը Գոլանի բարձունքների հատված տեղափոխելու մասին՝ «հաշվի առնելով իրավիճակի
գնահատումը և պատրաստականության բարձրացման շրջանակներում»։ Պաշտպանական գերատեսչությունները
մոբիլիզացվել են նաև թիկունքում։ ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ բանակը
ուժեր է տեղակայել «բուֆերային գոտում և մի քանի այլ վայրերում, որոնք անհրաժեշտ են
իր պաշտպանության համար», սակայն մտադիր չէ խառնվել Սիրիայի ներքին
իրադարձություններին: