Վրաստանում ՌԴ քաղաքացիներին կարգելվի անշարժ գույք գնել
Վրաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ արգելվում է ռուսներին անշարժ գույք վաճառել
մինչև 2024 թվականի վերջը։

«Արգելքը չի տարածվում Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր անշարժ գույքի օբյեկտ են ստանում կտակի հիման վրա»,- ասվում է օրենքի նախագծում։

Ինչպես նշվում է բացատրական տեղեկագրում, 2022 թվականին Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք է բերվել օտարերկրացիների կողմից, այդ թվում՝ ավելի քան 6 հազար օբյեկտ Ռուսաստանի քաղաքացիների կողմից։ 2023 թվականի առաջին եռամսյակում ռուսները ձեռք են բերել ավելի քան 2000 բնակարան։ Պատգամավորների կարծիքով՝ այս միտումը բարձրացնում է բնակարանների գները, ինչը դժվարություններ է առաջացնում Վրաստանի քաղաքացիների համար։