Գիշերը ռուսական բանակը ԱԹՍ-ներով և հրթիռներով գրոհել է Կիևը. Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է, որ խոցել են ռուսական բոլոր դրոններն ու հրթիռները
Մայիսի լույս 16-ի գիշերը Կիևում օդային տագնապ է հայտարարվել, գործել են հակաօդային պաշտպանության համակարգերը, հաղորդել է քաղաքի ռազմական վարչակազմը։

Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում տեղի են ունեցել պայթյուններ, ընկել են հրթիռների բեկորներ, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նախնական տեղեկություններով՝ որպես հետևանք Սոլոմենսկի շրջանում տուժել է երեք մարդ, վնասվել է շենք, հրկիզվել են մի քանի ավտոմեքենաներ, հաղորդել է նա։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն տուժածների մասին տվյալները չի հաստատել։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը Ուկրաինայի մայրաքաղաքը գրոհել է անօդաչուներով և հրթիռներով միաժամանակ։ «Դա (գրոհը) բացառիկ էր իր խտությամբ՝ գրոհող հրթիռների առավելագույն քանակ շատ կարճ ժամանակահատվածում»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ Կիևի վրա գրոհած հրթիռների և անօդաչուների մեծ մասը խոցվել է։

Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ՌԴ զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ։ 

Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատարությունը հայտնել է, որ մայիսի 16-ի գիշերը ՀՕՊ աշխատանքի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական բոլոր անօդաչուներն ու հրթիռները։
 Ռուսական կողմի ներկայացուցիչները գրոհը չեն մեկնաբանել։