Մոլդովան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց է նախաձեռնել
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտարարել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու նախաձեռնության  որոշման մասին։

«Որոշում եմ կայացրել նախաձեռնել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրից դուրս գալու գործընթաց»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Գրոսուն՝ ԱՊՀ կառույցներն անվանելով «անօգուտ» հանրապետության համար։ 

Նրա խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո։

Խորհրդարանի մշտական բյուրոյի առաջիկա նիստում Գրոսուն պատգամավորներին կառաջարկի հարցում ուղարկել հանրապետության վարչապետ Դորին Ռեչանին՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծ նախապատրաստելու խնդրանքով։ Գրոսուն իր ելույթում անօրինական է անվանել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև մեղադրել է Մոսկվային Քիշնևի նկատմամբ անբարյացակամ քաղաքականության մեջ։