«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խնդրել է գալ ուկրաինական Բախմուտ քաղաք Դոնբասում, որտեղ վերջին ամիսներին ամենակատաղի մարտերն են ընթանում առաջնագծում։ Մայիսի 12-ի առավոտյան գործարարի ուղերձը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով օպերատիվ բարդ իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում ձեր բազմամյա փորձը, խնդրում եմ ձեզ ժամանել Բախմուտի տարածք, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ստորաբաժանումների վերահսկողության տակ, և ինքնուրույն գնահատել ստեղծված իրավիճակը»,- գրում է Պրիգոժինը։
Նամակում նաև ասվում է, որ «Վագներ»-ի վարձկանները ներկայումս վերահսկում են Բախմուտի ավելի քան 95%-ը և շարունակում են հարձակումը, սակայն այն թևերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, «հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ»։
Նախօրեին Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության կանոնավոր բանակի ստորաբաժանումները Բախմուտի մոտ առանց մարտերի հանձնում են իրենց դիրքերը։