Զելենսկուն թույլ չեն տվել ուղերձ հղել «Եվրատեսիլի» հանդիսատեսին
Եվրոպական հեռարձակողների միությունը, որը հանդիսանում է «Եվրատեսիլի» կազմակերպիչը, մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երաժշտական մրցույթի եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 13-ին Լիվերպուլում, տեսակապով դիմել հանդիսատեսին։ Այս մասին գրում է The Times-ը։

Միջոցառման կազմակերպիչները համարել են, որ Զելենսկու կոչը «Եվրատեսիլի» 160-միլիոնանոց լսարանին՝ Ուկրաինային աջակցելու կոչով, կարող է քաղաքականացնել մրցույթը։

««Եվրատեսիլ» երգի մրցույթը միջազգային ժամանցային շոու է, որում գործում են խիստ կանոններ և սկզբունքներ՝ հաստատված իր ստեղծման պահից: Դրա անկյունաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական բնույթն է։ Այդ սկզբունքն արգելում է մրցույթի ընթացքում քաղաքական կամ այլ հայտարարությունները: «Եվրատեսիլ» երգի մրցույթում հանդիսատեսին դիմելու պարոն Զելենսկու խնդրանքը, թեև այն արվել է բարի նպատակներով, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարության կողմից, քանի որ դա հակասում է միջոցառման կանոններին»,- պարբերականին հայտնել է կազմակերպիչների ներկայացուցիչը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով The Times-ի հրապարակումը «Եվրատեսիլի» շրջանակներում Զելենսկու ելույթը մերժելու մասին, Telegram-ում գրել է. «Բայց իզուր։ Այս տարի նա կլիներ «Եվրատեսիլի» մասնակիցներին արժանի մրցակից»։