Իրանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանի 4 դիվանագետների
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հաստատել է, որ 4 ադրբեջանցի դիվանագետներ Իրանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող իրենց գործունեության պատճառով։

«Իրանական կողմը, իր հերթին, Ադրբեջանի այս քայլից մի քանի օր անց, առանց որևէ հիմնավորման և միայն փոխադարձության սկզբունքի պատրվակի ներքո, անցանկալի անձ է հայտարարել Իրանում մեր երկրի դեսպանատան երկու աշխատակիցների, որոնք տարհանվել են դեռևս հունվարին, և Թավրիզում գլխավոր հյուպատոսության երկու աշխատակիցների»,- ասվում է Հաջիզադեի մեկնաբանություններում։  «Այս քայլը (Իրանի), որը ձեռնարկվել է մեր երկրի դեմ, վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին, որոնցում կան մի շարք խնդիրներ»,- հավելել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։