Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ին «դուխ տվել», որ «հա» ասի արտահերթ ընտրություններին

 

   

 

Տիտղոսային ընդդիմության շարքերում աժիոտաժ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած  հայտարարությունից հետո։ Հընթացս արձանագրենք, որ ՀՀ քաղաքական դաշտում օրակարգը շարունակում է թելադրել մեկ սուբյեկտ՝  կառավարող ուժի լիդերը, մնացած քաղաքական մեծ ու փոքր սուբյեկտները արձագանքողի, թելադրված օրակարգով առաջ շարժվողի դերում են։ Արտահերթ ընտրությունների  սցենարի մասին, նկատենք, Փաշինյանն առաջին անգամ է խոսում հունիսի 7-ից հետո, մասնավորապես խաղաղության համաձայնագրի ստորագրման ու նոր Սահմանադրության ընդունման համատեքստում՝ Մայր օրենքը դիտարկելով խաղաղության փաստաթղթի կյանքի կոչման կարևոր նախապայման։ Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու ու նորն ընդունելու հարցում կառավարող ուժին պետք է գալու խորհրդարանական ընդդիմության աջակցությունը՝ 6 քվեի տեսքով, քանի որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով ՔՊ-ին չհաջողվեց խորհրդարանում ունենալ սահմանադրական մեծամասնություն։ «Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը, և կսկսեն հանրային քննարկումները, կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստան պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվեց՝ կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- նախօրեին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ այսպես ասած, «կոնստրուկտիվ գործակցության» առաջարկ անելով մասնավորապես խորհրդարանական օպոզիցիային։


 

Վարչապետի առաջարկին շատ ինքնավստահ տոնով արձագանքել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ նշելով․ «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է Կարապետյանը՝ կցելով Փաշինյանի վերոհիշյալ առաջարկի «սքրինշոթը»։  Կարապետյանն ու նրա քաղաքական թիմը, փաստորեն, այսպիսով ազդարարում են, որ դեմ են «համոզվվելուն»՝ «համոզման սուբյեկտ» լինելուն՝  բացառելով Ն. Փաշինյանի դիտարկած տարբերակներից առաջնայինը՝ «փորձել համոզել ընդդիմության մեր գործընկերներին, որ սա Հայաստան պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է»։  Հարկ է նկատել, որ «ուժեղները» Նարեկ Կարապետյանի բերանով դեռ նախքան քարոզարշավի մեկնարկն էին դեմ արտահայտվում նոր Սահմանադրությանը։ Ընդհուպ այսպիսի այլընտրանք էր առաջարկվում՝ իրենք ՀՀ քաղաքացու քվեն են ուզում, որ ընդամենը մեկ դրույթ փոխեն գործող Սահմանադրության մեջ՝ վերացնելով Սամվել Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուն խանգարող արգելքը, իսկ ՔՊ-ն քվե է ուզում, որ «Հեյդարի որդու» պահանջով փոխի ամբողջ Սահմանադրությունը։     

Նախընտրական զարգացումները, մասնավորապես ՌԴ նախագահի բացահայտ աջակցությունը պրոռուսական ընդդիմադիր ուժերին և ՀՀ-ի դեմ իրականացված հիբրիդային ագրեսիվ հարձակումները եկան ապացուցելու, որ ուժային կենտրոններից մեկը խնդիր է դրել «եղբայրական, դաշնակից երկիր» ՀՀ-ում հասնել գլոբալ, մասշտաբային փոփոխության՝ ամեն գնով (ընտրակաշառք, ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին ՀՀ գալու և քվեարկելու պարտադրանք, եկեղեցու ներքաշում նախընտրական «տասովկաների» մեջ  և այլն) փոխել ՀՀ-ում իշխանությունը՝ բռնանալով ժողովրդի ազատ կամքի վրա։ Իշխանափոխություն, ինչից հետո «սահմանադրափոխությունը»՝ անկախ դրանում կատարվելիք փոփոխությունների ծավալից ու բնույթից, տեխնիկական, երկրորդական  խնդիր էր դիտարկվում։ Իշխանափոխությամբ  փոփոխվելու էր ՀՀ սահմանադրական կարգը՝ ենթադրելով  սուվերենության սահմանափակումից մինչև անկախության կորուստ, այն է՝ ՀՀ-ի գուբեռնացում։ Կուրս, որը կասեցվել է 2018-ի թավշյա հեղափոխությամբ, կուրս, որը խափանվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց սկսելով ու ԹՐԻՓՓ նախագծով։  



Այս պահի դրությամբ ֆիքսենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը տրամադրված չէ սեղմել կառավարող ուժի ձեռքն ու գնալ սահմանադրական հանրաքվեի, փոխարենը կսեղմի այդ ձեռքը՝ խորհրդարանն արձակելու ու նոր ընտրությունների գնալու համար։ 

Նախքան այդ, սակայն, մի քանի դիտարկում՝ ի՞նչ հաշվարկով է ՈՒՀԿ-ն ազդարարում իր «պատրաստ լինելու» մասին, արդյոք այն վստահությամբ, որ գալիք ընտրությունների ժամանակ է՞լ կկարողանա կիրառել ընտրակաշառքի մեթոդաբանությունը, այս անգամ արդեն մասսայաբար այն կիրառելով՝ կաշառելով նաև ՔՊ ընտրած էլեկտորատին։ Նկատենք, որ առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները, այսպես ասած, «միջանկյալ քննություն» են ընդդիմության և մասնավորապես ՈՒՀԿ-ի համար՝ արդյոք կկարողանա՞ պահպանել ամիսներ առաջ համապետական ընտրությունների ժամանակ ձեռք բերած «միավորները»։  Հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին միայն մեկ համայնքում՝ Ստեփանավանում առաջադրված ՈՒՀԿ-ն իր վարքագծով ապացուցեց, որ վստահ չէ «միավորների» պահպանման հարցում, այլապես չէր օգտվի «շպառգալկայից»՝ նորից ընտրակաշառք բաժանելով։ Սովոր ձեռք է, ինչ արած։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններն ու ընդդիմության մասնակցությունը դրանց և ստացած քվեներն, արդ, կարևոր ինդիկատոր են լինելու, ըստ որի կարելի է գնահատել  ռադիկալ ընդդիմության քաղաքական ռեսուրսը՝ արդյոք այն բավարա՞ր է արտահերթ համապետական ընտրությունների մասնակցելու ու ստացած քվեներով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը փոխելու՝ իշխանությունը վերցնելու համար։ Ընդդիմադիր տարբեր գործիչներ, նկատենք, որպես «սև սրտի մխիթարանք», սիրում են, չէ՞, անընդհատ թմբկահարել՝ հավաքական ընդդիմությունը («եռագլուխը») 500 հազարից ավելի քվե է ստացել հունիսի 7-ին։ Կամ, ինչպես կասեր Սամվել Կարապետյանը՝ «մենք արդեն 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտ՝ 6-7 հարյուր հազար, 800 հազար գլուխ։ Իրենք այժմ պետք է գործ ունենան ոչ թե եռագլխի, այլ 6-7 հարյուր հազար գլխի։ Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են»։ «Գլուխների» շատացած կամ քչացած լինելը պարզելու «միջանկյալ միջոցը», այո, ՏԻՄ ընտրություններն են։


 

Ի դեպ, ձախողվելու մասին. խորհրդարանական՝ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցության ղեկավարի արձագանքը Փաշինյանին՝ «մենք պատրաստ ենք, դու օրն ասա» ոճով,  համաձայնեք, կարող է անել իր ուժերի վրա վստահ, հանրության շրջանում բարձր հեղինակություն ունեցող, վստահություն վայելող քաղաքական ուժը։ Բայց արդյոք  ՈՒՀԿ-ն համապատասխանո՞ւմ է հիշյալ ստանդարտներին։ Հազիվ թե։ «Ուժեղ Հայաստան» կոչվող խմբակն իր լիդերով ասոցացվում է ընտրակաշառքի ու խարդախության, բլեֆի ու անլրջության, արտաքին կենտրոնի կողմից կառավարվող խամաճիկի հետ։ «Ուժեղների» այս ինքնավստահությունը, հարկավ, գալիս է այն կենտրոնից, որտեղից որ թելադրվում է նրանց քաղաքական օրակարգը։  Կարապետյանի  շուրջ հավաքված «փոքրիկ խմբակի» հույսն այն է, որ այդ կենտրոնը շուտով՝ առաջիկա ձմռանը, կդիմի պատժիչ գործողությունների, այսպես ասած՝  տնտեսական, էներգետիկ  «հատուկ օպերացիա» կիրականացնի ՀՀ-ի դեմ՝ 69 տոկոսով թանկացնելով գազն ու սպառնալով «ապոկալիպսիսով», որը տեղի կունենա ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ գնալու հետևանքով։ Օրերս հրապարակված զեկույցում (https://civic.am/news/124221) նկարագրված «արհավիրքներին» բախվելով, ահա,  երկրում սոցիալական բունտ կհասունանա, ժողովուրդը ոտքի կկանգնի, կպահանջի երկրի կառավարումը ձախողած կառավարության հրաժարականը, Փաշինյանը ուզած-չուզած կգնա արտահերթ ընտրությունների։ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու, ԵՄ-ի հետ սիրախաղ անելու, Ալիևի պահանջները հլու կատարելու հետևանքով հեղինակազրկված, ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունը կպարտվի, քանի որ վերջապես ուշքի ու խելքի եկած ժողովուրդը  կքվեարկի  իրենց՝ այդ արհավիրքների մասին տարիներով ահազանգած ընդդիմության օգտին։ Հետևություն՝ Նարեկ Կարապետյանի ու արտահերթ ընտրություններին կողմ արտահայտվող պրոռուսական օպոզիցիայի  հույսը ոչ թե իրենց հանրային բարձր վստահությունն է, այլ կառավարող ուժի հեղինակության կորուստը, որը կարող է ի հայտ գալ Հայաստանը տնտեսական առումով «ուկրաինացնելու» ՌԴ-ի ենթադրյալ գործողությունների հետևանով։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր վերջին ճեպազրույցում հենց այս սցենարի մասին էր ակնարկում՝ անդրադառնալով ՌԴ ֆավորիտ ուժի լիդերի կողմից  դեռ ամիսներ առաջ  հայտարարված  «գաղտնի պլան» կոչվածին։ Ներքաղաքական ցնցումներ հրահրելն ու ալիքի վրա  ՀՀ անկախության դեմ ոտնձգություն իրականացնելը հենց այդ «պլանի» մի մասն են։

 

Հեղինե Մանուկյան