Ադրբեջանի զինվորականների խումբ է մեկնել Թուրքիա՝ Կարսում «Հեյդար Ալիև 2023» զորավարժություններին մասնակցելու համար։
Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ Կարս մեկնած ադրբեջանական խումբը մեծաթիվ չէ, հետևաբար ենթադրվում է, որ զորավարժությունները ևս մեծ ծավալի չեն: «Խոսքը գուցե պլանային զորավարժությունների մասին է, քանի որ երկու երկրները միշտ իրականացնում են պլանային զորավարժություններ»,- նշեց նա։
Թե որ երկրի դեմ են ուղղված զորավարժությունները՝ քաղաքագետի մեկնաբանմամբ՝ մարտունակության բարձրացման հարցում շեշտը ադրբեջանական բանակի վրա է դրված. «Այդ գործողություններն էլ մենք տեսնում ենք մեր սահմաններին՝ սրացումներ, էսկալացիաներ»։
Հարցին՝ Հայաստանում զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք և ո՞ր երկրների հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցությունից, որոնք անցկացվելու էին Հայաստանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Հայաստանում, ևս մեծ ծավալի չէին՝ հիմնականում փորձի փոխանակում էր։ Ռուսաստանի հետ Հայաստանը զորավարժությունների պատմություն ավելի շատ ունի։ Այս պահին Ռուսաստանի նախապատվությունը՝ մեր թևի վրա զորավարժություններ անցկացնելու հարցում, հիմնականում պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով, որովհետև այլ թևերի վրա անդադար զորավարժություններ են կազմակերպվում»։
Քաղաքագետը, խոսելով Իրանի հետ զորավարժություններ անցկացնելու հավանականությունից, կարծիք հայտնեց, որ այդքան էլ իրատեսական չի համարում՝ ելնելով այն հանգամանքից, թե մեր երկիրը որ երկրի հետ ունի ռազմաքաղաքական դաշինք: «Գուցե ապագայում դրանք լինեն հայ-իրանական-ռուսական։ Ինչ վերաբերում է Արևմուտքի հարթակներին՝ դա առաջին հերթին կրկին պետք է տեղավորվի փորձի փոխանակման դաշտում։ Միամտություն կլինի մտածել, որ Հայաստանը կմասնակցի արևմտյան լուրջ զորավարժությունների»,- հավելեց նա։
Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը ժամանակին համատեղ գործում էին, իրենց խոսքով, Թուրքիայի ապօրինի գործողությունների դեմ, օրինակ՝ փորձում էին խոչընդոտել Միջերկրական ծովի արևելքի էներգետիկ ռեսուրսներից Թուրքիայի ապօրինի օգտվելու փորձերը։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ այս երեք երկրների գործողություններն ընդդեմ Թուրքիայի ի՞նչ փուլում են, և ի՞նչ հեռանկար ունի Հայաստանը նրանց միանալու դեպքում, մասնավորապես, երբ ՀՀ արտգործնախարարը նախորդ տարի Հունաստանի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ նշել էր, որ ակտիվ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ բրիտանական կողմն էր նախաձեռնել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափի ստեղծումը, որը կապված էր Թուրքիայի նախագահ Էրդողանի անկախ գործողությունների հետ։ Բայց այդ ձևաչափը ստեղծման պահից էլ նման էր մի հարթակի, որտեղ խոսքի մակարդակով էին փորձում հակազդել թուրքական գործողություններին, թեև պետք է նշեմ, որ Թուրքիան այդ երկրների նկատմամբ ևս խոսքի մակարդակից բացի այլ գործողությունների չէր դիմում»,- պատասխանեց մեր զրուցակիցը։
Նելլի Մինասյանի դիտարկմամբ՝ այդ հարթակը չկայացած էր. «44-օրյա պատերազմից հետո նման դեպք եղավ, երբ ՀՀ արտգործնախարարը նշեց, որ մենք էլ կարող ենք միանալ այդ հարթակին, բայց տեսնում ենք, որ չկան լուրջ աշխատանքներ։ Եգիպտոսի հետ թուրքական իշխանություններն արդեն իսկ նախաձեռնել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, և դրական արդյունքներ կան»,- ասաց նա ու հավելեց, որ Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրություններից հետո, եթե անգամ ընդդիմությունը հաղթի, ապա կշարունակվի այդ դրական դինամիկան: «Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա և Էրդողանի հռետորաբանությունում է տեղի ունեցել փոփոխություն, և ընդդիմությունը իր նախընտրական ծրագրում է նշել, որ Հունաստանի հետ երկխոսության միջոցով կլուծեն բոլոր եղած խնդիրները։ Ընդդիմությունն իր նախընտրական ծրագրում շեշտում է նաև, որ երկու երկրներն էլ հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Նարա Մարտիրոսյան