Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թույլ է տվել մոտ ժամանակներս Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմաօդային ուժերի ապագա հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու արարողության ժամանակ:
«Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում շատ լուրջ հարվածներ է կրել: Այդ հարվածները նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել», — հայտարարել է նախարարը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համակարգմամբ, գլխավորում է արշավի նպատակներին հասնելու ջանքերը:
«Մենք սատարում ենք այդ ջանքերին և տրամադրում անհրաժեշտ աջակցություն, բայց, հնարավոր է, շուտով ստիպված լինենք վերադառնալ գործողություններին՝ դրված խնդիրների իրականացումը երաշխավորելու համար», — ընդգծել է Կացը: