«Ալիևը հավատարիմ է մնացել կեղծված ընտրությունների միջոցով իր իշխանությունը երկարաձգելու ավանդույթին». Ադրբեջանի Ազգային խորհրդի կոչը՝ միջազգային հանրությանը

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։



Խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «սեպտեմբերի 1-ին ընտրությունների նշանակումը եղել է հակասահմանադրական, դրանք անցկացվել են ազնիվ քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում»:


Իշխանությունները թույլ չեն տվել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններում և արգելել են վեհաժողովի 76 անդամների մուտքն Ադրբեջան։

 

Խորհրդի տեղեկություններով՝ ընտրությունները տեղի են ունեցել Abzas Medif-ի, Toplum TV-ի, Kanal 13-ի լրագրողների կալանավորումների և ազատազրկումների ֆոնին, ովքեր ունեին ընտրությունները լուսաբանելու մասնագիտական ​​փորձ, ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ ովքեր գնացել են քվեարկության, ներգրավվել են վարչական ռեսուրսների միջոցով։


«Իլհամ Ալիևը հավատարիմ է մնացել կեղծված ընտրությունների միջոցով իր իշխանությունը երկարաձգելու ավանդույթին: Դրա համար Ազգային խորհուրդը որոշեց բոյկոտել ակնհայտ կեղծված ընտրությունները»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:


Ազգային խորհուրդը կոչ է անում ժողովրդին ակտիվորեն պայքարել նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, իսկ միջազգային հանրությանը՝ չճանաչել ընտրությունների կեղծ արդյունքները, ինչպես նաև դատապարտել կեղծիքների գործընթացը։