ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են, որից 19-ում՝ համամասնական

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։

Թվով 19 համայնքներում տեղի կունենա համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքները։


Արարատի մարզ — Արտաշատ

Արտաշատում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։ Ընտրություններին մասնակցում են նաև ՀՅԴ-ն և «Նոր դարաշրջան» կուսակցությունը։


Արմավիրի մարզ — Արմավիր և Արաքս

Արմավիրում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վարշամ Սարգսյանը, իսկ Արաքսում՝ Ղազար Ղազարյանը։ Առաջադրումների ամփոփման պահին Արմավիրում ՔՊ-ն մրցակից չուներ, իսկ Արաքսում առաջադրվել էին ՔՊ-ն և «Արդարություն» դաշինքը։


Գեղարքունիքի մարզ — Գավառ, Մարտունի, Վարդենիս

Գավառում ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է «Համերաշխություն» դաշինքով, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։


Մարտունիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը, իսկ Վարդենիսում՝ գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։ Վարդենիսում առաջադրված ուժը միայն ՔՊ-ն է։


Լոռու մարզ — Ստեփանավան, Ֆիոլետովո

Ստեփանավանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը։ Այստեղ առաջադրվել են հինգ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՔՊ-ն, «Հայրենիք»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը, «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։


Կոտայքի մարզ — Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի

Հրազդանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սևակ Միքայելյանը, Ծաղկաձորում՝ Նարեկ Հարությունյանը, իսկ Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը։


Գառնիում ՔՊ-ն մրցակից չունի, մինչդեռ Հրազդանում և Ծաղկաձորում ՔՊ-ի հիմնական մրցակիցը ՀՅԴ-ն է։


Շիրակի մարզ — Արթիկ և Ախուրյան

Արթիկում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անան Ոսկանյանը։ Այստեղ ընտրություններին մասնակցում են չորս ուժեր՝ ՔՊ-ն, «Ազատ դեմոկրատները», «Ապրելու երկիրը» և «Հայրենիք» կուսակցությունը։

Ախուրյանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը:


Սյունիքի մարզ — Գորիս և Մեղրի

Գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը ընտրություններին մասնակցում է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով։ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինք է կազմել։


Գորիսում մյուս քաղաքական ուժերի թվում է «Ապրելու քվե» դաշինքը, որը ձևավորվել է «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների մասնակցությամբ։


Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սերգո Գալստյանը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ապրելու երկիրը»։


Վայոց ձորի մարզ — Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք

Եղեգնաձորում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Հուսիկ Սահակյանը, Ջերմուկում՝ գործող մարզպետ Վահագն Արսենյանը, իսկ Վայքում՝ Մխիթար Մաթևոսյանը։


Վայքում ՔՊ-ն առաջադրվել է առանց մրցակից քաղաքական ուժի։


Տավուշի մարզ — Իջևան և Դիլիջան


Իջևանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ Դիլիջանում՝ Դավիթ Սարգսյանը։


ԿԸՀ-ից հայտնում են, որ թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել է առաջադրման 46 դիմում։ 1 կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։


5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք, առաջադրվել է 1-ական կուսակցություն,


6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ,

Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել է 3-ական քաղաքական ուժ,


4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում են 4-ական քաղաքական ուժ։


Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։


Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։


Նշենք նաև որ այսօր կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով․



«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն,



«Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպություն,



«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն,



«Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ),



«Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ),



«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։



Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 28 զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։



Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում: