Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

 


Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։


 

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:


 

Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:


 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոխադարձաբար կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը, փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները:

 


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:


 

Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: