Անգամ ՀՀ անկախության զիջմամբ նրանց համար գերագույն գլխավոր արժեքը Հայ դատի խնդիրն է

Ամստերդամի համալսարանի մագիստրոս, քաղաքագետ Հրայր Մանուկյանը, մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու հայտարարությունները, ասաց, որ Թուրքիան, այնուամենայնիվ, արևմտյան բլոկի մաս է և, կապված ռուս-ուկրաինական պատերազմով, ավելի շատ թեքվել է դեպի Արևմուտք։ Այդ երկիրը Արևմուտքից մեսիջներ է ստանում, որ հակի Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ։ Այդ մեսիջը Թուրքիան փոխանցում է Ադրբեջանին։ Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայի շահերից է բխում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի նա էլ կարողանա բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի մասնակցի Արևմուտքի՝ հատկապես ԱՄՆ-ի ջատագոված Արևելք-Արևմուտք միջանցքին։ Ադրբեջանը հակառակը՝ դեռևս սպասում է, սաբոտաժի է ենթարկում հաշտեցման գործընթացը։ Իսկ Թուրքիան չի գնա հայ-թուրքական սահմանի բացման՝ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման։ «Այս հանդիպմանը ևս Ադրբեջանը փորձել է համոզել Թուրքիային, որ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանները»։ 


Խոսելով ճանապարհների ապաշրջափակման և դրանում ՌԴ հետաքրքրությունների մասին՝ Մանուկյանն ասաց, որ ՌԴ դիրքորոշումը այս իմաստով չի փոխվել, իսկ Ադրբեջանը մտածում է, որ ՌԴ-ի միջոցով կկարողանա ստանալ միջանցքը։ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այդ միջանցքը Հայաստանը չվերահսկի»,- ասաց քաղաքագետը։


Անդրադառնալով Դաշնակցության շրջաբերականին, որը հայտնվել էր Civic.am-ի ձեռքի տակ, Հրայր Մանուկյանը  նկատեց, որ Դաշնակցության մտքում երբեք հնարավոր չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։ Հետևաբար՝ կա՛մ պետք է ապրենք հավերժ պատերազմի մեջ, կա՛մ պետք է վերացնենք Ադրբեջան պետությունը։ Անգամ Հայաստան պետության անկախության զիջմամբ նրանց համար գերագույն գլխավոր արժեքը Հայ դատի խնդիրն է։ «Թուրքիայից ունեն հողային պահանջներ, Ադրբեջանին անգամ որպես պետություն չեն ճանաչում։ Հայ դատի իրենց գաղափարախոսության մեջ առաջնային է Թուրքիայի դեմ պայքարը։ Այդ պայքարի մեջ, իրենց կարծիքով,  անկախ պետություն ունենալը, իհարկե, լավ բան է, բայց եթե այդ անկախ պետությունը լինելու է ու չի պայքարելու Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, ապա, իրենց տեսանկյունից, էլ ի՞նչ իմաստ ունի այդ պետության գոյությունը։ Այսինքն՝ իրենց համար առաջնայինը հակաթուրքականությունն է, և Հայաստանի անկախ պետականությունը պետք է ծառայի դրան։ Հակառակ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունի»,- ասաց Մանուկյանը։


ՀՅԴ շրջաբերականում հատված կա նաև Ջավախքի մասին։ «Հետամուտ լինել Վրաստանի կազմում Ջավախքի տարածաշրջանին ինքնավարության կարգավիճակ շնորհելու գործընթացին։ Ջավախքի հարցը մնայուն քաղաքական օրակարգ դարձնել ԱՄՆ-ի և Եվրոպայի Հայ դատի գրասենյակների համար»,- ասված էր շրջաբերականում։


Մանուկյանը սա վտանգավոր համարեց։ «Հենց այն փաստը, որ սա հրապարակվել է, Հայաստանի համար արդեն վատ է, որովհետև ցանկացած երկրի ղեկավար կարող է սա դնել ՀՀ իշխանությունների դեմն ու ասել, որ ձեր հիմնական քաղաքական ուժերից մեկը այսպիսի բաներ է ասում։ Հիմա դուք ասում եք, որ Հայաստանը որևէ պահանջ չի ներկայացնում։ Բայց ես չեմ կարող վստահ լինել, որ վաղը-մյուս օրը դուք որևէ կոնֆլիկտ չեք ստեղծի Ջավախքում, որը նման կլինի Ղարաբաղի կոնֆլիկտին։ Այսինքն՝ հենց այն փաստը, որ սա հրապարակային է, արդեն իսկ վնասում է Հայաստանին»,- ասաց Մանուկյանը։


Դաշնակցության այս մոտեցման մեջ Հրայր Մանուկյանը թե՛ հոգեբանական ասպեկտներ է տեսնում, թե՛ ռուսական ազդեցության։ «Ռուսաստանը դատարկ տեղը ինչ-որ բան չի ստեղծում։ Նա նայում է, թե տեղում ի՞նչ տրամադրություններ կան, որ ինքը կարող է օգտագործել իր շահերի համար։ Եվ Ռուսաստանը տեսնում է ինչ-որ ազգայնական, բարոյահոգեբանական, 19-րդ դարում մնացած խմբերի և մտածում, որ կարող է օգտագործել դրանք։ Գնում է, վերբովկա է անում, գործակալներ դարձնում ու ուժեղացնում է այդ խմբին։ Դրանք հիմնականում մարգինալ խմբեր են լինում հասարակության մեջ, բայց ՌԴ-ն ուժեղացնում է դրանց», - ասաց Մանուկյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան