Նետած աղբի հարցը այլ ձև պետք է լուծվի․ շաբաթօրյակ՝ «ակտիվ քաղաքացիներ»-ի հետ

Երևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ  այսօր անցկացրեց շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։ Շաբաթօրյակին մասնակցում էին նաև Երևանի դպրոցներից մեկի աշակերտները։


Շաբաթօրյակից հետո հենց Հրազդանի կիրճում անցկացվեց միջոցառում, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի 7 ամենաակտիվ քաղաքացիներին, որոնք հավելվածն օգտագործելով՝ արձանագրում են տարբեր խնդիրներ, և քաղաքապետարանի վարչական շրջանների ու ՀՈԱԿ-ների աշխատակիցների, որոնք ամենաակտիվն են եղել խնդիրների լուծման հարցում։


Քանի որ Հրազդանի կիրճում աղբն այսօր հավաքել են թիմերով, միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև մրցույթ։


«Հուսով եմ, որ գալու է այն օրը, երբ մենք էս տեսակ շաբաթօրյակների կարիք չենք ունենալու։ Բայց քանի դեռ մեր վարքաբանական կանոնների մեջ շատ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ աղբի թափման տեսանկյունից, այսինքն՝ շարունակում ենք թափել աղբն ամենուր և ամեն տեղ, մենք դեռևս նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ենք, որով հիշեցնելու ենք՝ սիրելի երևանցիներ, այս աղբը գեներացնում ենք մենք, և ուղղակի ժամանակն է եկել մտածելու այն մասին, որ միգուցե  դա չանենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։


Քանի որ Հրազդան գետը միայն Երևանով չի հոսում, Տիգրան Ավինյանը կոչ արեց երևանցիներին, հրազդանցիներին և առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ գետերում աղբ չթափել։


«Սիրելի երևանցիներ, սիրելի հրազդանցիներ, ՀՀ սիրելի բոլոր քաղաքացիներ, մեր գետերը, մեր կանաչ տարածքները աղբավայրեր չեն, էդտեղ աղբ նետել պետք չէ, որովհետև այդ աղբը գալիս կուտակվում է  և բնապահպանական մեծ խնդիրներ առաջացնում։ Եվ ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ, որ այդ երևույթից հրաժարվենք, որը կարծում եմ՝ շատ ամոթալի բան է և առհասարակ չարժի իրականացնել, որովհետև դրանից հետո մենք ստիպված ենք իրականացնել էս տեսակ շաբաթօրյակներ, որտեղ որ դպրոցական երեխաները հավաքում են ձեր նետած աղբը»,- ասաց Երևանի քաղաքապետը։


Նշենք, որ կառավարությունն արդեն հաստատել է Հրազդանի կիրճում  հանգստի գոտի կառուցելու մասին նախագիծը։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կիրճում կդառնա սոցիալական շփումների կենտրոն։


Տիգրան Ավինյանի խոսքով՝  ծրագիրը վեց տարվա է և մի քանի օրից արդեն փաստացի սպորտային հատվածից կսկսվի  իրականացվել։


Նշենք նաև, որ միջոցառման ժամանակ ներկայացվեց Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերը, ինչպես նաև տեղի ունեցավ վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես:


Ի դեպ,  այս միջոցառումից հետո ծառատունկ է իրականացվել Դավիթ Անհաղթի այգում, որով ամփոփվել է գարնանային ծառատունկը և մոտավորապես 1000 նոր ծառերով համալրվել Երևան քաղաքը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան   

 Սոնա Մանուկյան

Ազատ Մինասյան