ՀՀ կառավարության վաղվա՝ հուլիսի 25-ի նիստի օրակարգային հարցերից
է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման
և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի
ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման
առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։ ՏԿԵ նախարարությունն առաջարկում է
հավանություն տալ համաձայնագրի ստորագրմանը։
Civic.am-ը նախագծին կից հիմնավորումից տեղեկացավ, որ ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում
է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի
միջոցներից կտրամադրվի 200 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ Քաջարանի թունելի
շինարարությունը ֆինանսավորելու համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ»
ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրի մանրամասն
նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ)
կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ
(Քաջարանի թունելի մուտք-Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ)
երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Մանրամասն նախագիծը պատրաստ է և
անցել է պարզ ու պետական համալիր փորձաքննությունը։
Ծրագրի կարիքների համար նախատեսվում է օտարել շուրջ 160 հողամաս:
Նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը
կազմելու է շուրջ 6 տարի: Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը
(ներառյալ ԱԱՀ-ն) կազմում է 144,6 մլրդ ՀՀ դրամ (կամ շուրջ 369 մլն ԱՄՆ դոլար)։ Հաշվի
առնելով այն հանգամանքը, որ Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման
և մոտեցող ճանապարհների (շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ) մանրամասն նախագծման աշխատանքները
իրականացվել են Հիմնադրամի և ՀՀ կառավարության միջև 2015 թվականի ապրիլի 15-ին ստորագրված
վարկային համաձայնագրի շրջանակներում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարությունը նպատակահարմար է համարում սույն ներդրումային վարկի տրամադրման մասին
համաձայնագրի ստորագրումը:
Համաձայնագրով Ծրագրի իրականացման ընդհանուր ղեկավարման համար պատասխանատու
պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարությունն է։