«Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական
ուղեգծից, ինչը սպառնալիքի տակ է դնում երկրի եվրաատլանտյան ձգտումները և հարաբերությունները
Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա
Հաքը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեին,
որտեղ անցկացվել են լսումներ՝ նվիրված 2024 թվականին ընտրություններին, ինչպես նաև
Վրաստանում և Մոլդովայում ԱՄՆ քաղաքականությանը։
Հաքն անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի կողմից
ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի թեմային և հայտարարել, որ
«Վրացական երազանքն» ընդունել է «ոչ ժողովրդավարական օրինագծեր», դրանով իսկ «դեմոնիզացնելով
քաղաքացիական հասարակությանը», ինչպես նաև ապատեղեկացրել է հասարակությանը և
վարկաբեկել ամերիկյան ու եվրոպացի գործընկերներին, որոնք «տասնամյակներ շարունակ
աջակցել են Վրաստանին»։
««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին
օրենքը, որն ընդունվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից մայիսի
28-ին, հակաժողովրդավարական շրջադարձի խորհրդանիշն է։ Այդ օրենքը, որը
Ռուսաստանում ընդունված օրենքի պատճենն է, ստեղծվել է այն բանի համար, որպեսզի լռեցնեն
քննադատական ձայները»,- ասել է Հաքը։