Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանել. Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայություն

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հաստատել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման վերաբերյալ գործ է ընթանում։


Տարածված հայտարարության մեջ, որը մեջբերում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը, ասվում է, որ ահաբեկչությունը ծրագրել և ֆինանսավորել են Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները և ՆԳՆ նախկին աշխատակիցները, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում։


«Հանրային մեծ հետաքրքրության կապակցությամբ հաղորդում ենք, որ հետաքննությունն ընթանում է ահաբեկչության նախապատրաստման և պետական ​​իշխանությունը տապալելու նպատակով դավադրության նախապատրաստման փաստով...»,- ասվում է պետական ​​անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:


Դրանում անուններ չեն նշվում: Գործը որակվել է որպես «հույժ գաղտնի»:


«Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննում է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստման փաստերը՝ կազմակերպված և ֆինանսավորված Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից, որոնք գտնվում են Ուկրաինայում։ Հիշատակված հանցավոր գործողությունների նպատակն է ապակառուցողական ուժերի կողմից բռնի ճանապարհով իշխանության տապալումը՝ անկարգություններ ստեղծելու և իշխանությունը թուլացնելու ֆոնին...»,- ասված է հայտարարության մեջ։