Աստանա՝ ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած Չինաստանի նախագահի ինքնաթիռն ուղեկցել է կործանիչ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար Աստանա ժամանած Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ինքնաթիռն ուղեկցել է կործանիչ։ Այս մասին են վկայում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության կայքում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։


KazTAG-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Սի Ցզինպինի, ինչպես նաև ՇՀԿ գագաթնաժողովին ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռները Ղազախստանի տարածքում ուղեկցվելու են Ղազախստանի ռազմաօդային ուժերի կործանիչներով։


 Հունիսի 29-ին Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել էր Աստանայի օդանավակայանի աշխատանքի ժամանակավոր սահմանափակման մասին՝ «Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ինքնաթիռների կողմից ուսումնական թռիչքներ իրականացնելու պատճառով՝ Շանհայի կազմակերպության գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում»։


 Գագաթնաժողովի նախօրեին Ղազախստանի իշխանությունները հաղորդել են անվտանգության լուրջ միջոցառումներ սահմանելու մասին։ Հանրապետության ոստիկանության անձնակազմը անցել է ուժեղացված ծառայության: Մայրաքաղաքի հաստատությունների աշխատակիցները տեղափոխվել են հեռավար աշխատանքի, նախատեսվում է փակել մանկապարտեզները։ Իշխանությունները նաև հայտարարել են, որ հուլիսի 2-ից Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի հետ կապված, հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ են սահմանում։


ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 4-ին Աստանայի Անկախության պալատում։