Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վրաստանի Բոլնիսի մունիցիպալիտետի Դիսվելի գյուղի ռազմաբազայի մոտ կործանվել է Սու-25 ռազմական գրոհային ինքնաթիռը։


Օդաչուին չի հաջողվել կատապուլտով դուրս նետվել, և նա զոհվել է։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տեղեկությունը հաստատել է Բոլնիսի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչ Դմիտրի Մոդեբաձեն։


Ողբերգական դեպքը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ, որին ներգրավված է եղել ավիացիոն բաղադրիչը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է Պաշտպանության ուժերի օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։


«Դեպքի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն հետաքննություն են անցկացնում։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է ողբերգական դեպքի կապակցությամբ և ցավակցում զոհված օդաչուի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։