Կուտակած դոլարով փոխարկումն արեք ճիշտ այնչափով, որչափով պետք է, խաղ տալ չի կարելի. տնտեսագետը՝ դրամի արժևորման մասին. տեսանյութ
Civic.am-ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

- Պարոն Ասատրյան, արտարժույթը շարունակաբար արժեզրկվում է՝ մասնավորապես դոլարը, որոշ տնտեսագետներ դա պայմանավորում են Հայաստանում մեծ թվով օտարերկրացիներով և արտերկրից դրամական փոխանցումների աճով, Դուք համամի՞տ եք, թե՞ ոչ, և որքա՞ն ժամանակ է ակնկալելի արտարժույթի՝ մասնավորապես դոլարի արժեզրկումը։  

- Մենք գործ ունենք դրամի արժևորման հետ, որի հիմքում մի շարք երևույթներ են. առանցքային է մեր մակրոտնտեսական կայունությունը։ Երկրորդը Ռուսաստանում տիրող վիճակն է, ըստ էության դրամը հետևում է ռուսական ռուբլու ճակատագրին, շատ գործոններ կան, այդ թվում՝ պատժամիջոցները, որոնք դրսևորվեցին Ռուսաստանում և պայմանավորված են դրամի արժևորմամբ և ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա։ Դրանով պայմանավորված՝ նաև լրացուցիչ գործոններ են առաջ եկել. քաղաքում նկատելի են շեկ կեցվածքով ընտանիքներ, և տեսանելի է, որ նրանք կարիքավոր չեն, այլ ճիշտ հակառակը՝ ունևոր են՝ ծախսում են։ Եվ վիճակագրությունն արձանագրում է՝ 4 ամիսների ընթացքում՝ հունվարից-ապրիլ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,5 տոկոս, ծառայությունների ոլորտը՝ 23,5 տոկոս, ես կարծում եմ՝ դա հենց այս երևույթի արտացոլումն է, որովհետև տնտեսության այլ հատվածներում մենք նման աճ չենք ունեցել։ Կա նաև այլ գործոն. դա բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցումներն են՝ մենք կտրուկ աճ ենք ունեցել մարտ, ապրիլ ամիսներին։ Մասնավորապես ապրիլ ամսին նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են փոխանցումները։ Միայն ապրիլ ամսվա ընթացքում բանկային ճանապարհով Հայաստան հավելյալ մուտք է գործել մոտ 200 մլն դոլար։ Մեր շուկան բավականին փոքր է, և այդ 200 մլն-ն իհարկե իր ազդեցությունը կունենա։ 

- Այսինքն՝ սպասելի՞ է, որ դեռևս կարժեզրկվի դոլարը։

- Ես բոլորին ասում եմ՝ մի փորձեք այդ խաղը խաղալ, այստեղ կարևորը մեր պատկան մարմինների վարքագիծն է՝ մասնավորապես Կենտրոնական բանկի, խաղի կանոնները վաղուց հաստատվել են՝ դա լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, և մենք պետք է այդ քաղաքականությունն առաջ տանենք, որովհետև դրանից օգուտներն ավելի մեծ են, քան թվացյալ կամ ինչ-որ ժամանակահատվածում կորուստները։  

Տնտեսական աճի 9,5 տոկոսը չեմ կարծում՝ մինչև տարեվերջ պահպանվի, բայց դրական տրենդը կա։ Գնաճի մասով մենք ունենք շատ ծանր վիճակ՝ նախորդ ամսվա ցուցանիշներով մինչև 10 տոկոս բարձրացել է, և այս պարագայում դրամի արժևորումը նպաստում է գնաճային հնարավոր դրսևորումների զսպմանը։ Այսինքն՝ ճիշտ չի ակնկալել Կենտրոնական բանկից, որ ինչ-որ գործողություններ անի արժութային շուկայում։ Սպառողները չպետք է փորձեն այս տատանումներից օգտվել, օգտվողներ իհարկե կլինեն, բայց դրանք խոշորները՝ խաղի կանոնները թելադրողներն են։ Սովորական քաղաքացին պետք է հետևի իր դրամապանակին. եթե ունես անհրաժեշտ ծախսեր այս պահի դրությամբ ազգային արժույթով և կուտակած դոլարով, անմիջապես փոխարկումն արա ճիշտ այնչափով, որչափով պետք է, խաղ տալ չի կարելի։  Կազինոյում խաղալը շատ ավելի ազնիվ է, այնտեղ գնում են կորցնելու համար, բայց շատ ավելի ազնիվ է՝ ընկալելի է այդ կորուստը։ 

Մեր քաղաքացիների հոգեբանության մեջ փոխարժեք գործոնը շատ խորն է դրված, մենք ունենք ազգային արժույթ՝ դրամը մեր իրականությունն է, մենք անընդհատ փորձում ենք թաքնվել դոլարի, ռուսական ռուբլու և այլնի հետևում։ Եկեք դրամով մտածենք, անհանգստանանք, երբ տեսնում ենք դրամային արտադրությամբ գների աճ կա։ Դոլարը՝ փոխարժեքը, ավելի շատ պետք է հուզի ֆինանսիստներին, տնտեսվարողներին, որոնք արտահանմամբ կամ ներմուծմամբ են զբաղվում։ Քաղաքացիները պետք է սովորեն ապրել, մտածել դրամով՝ մեր ազգային արժույթով։  

- Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նախարարության հետազոտությունները ցույց են տալիս, որ փոխարժեքի 1 տոկոսի շեղումը մոտ 0,8 տոկոսով ազդում է արտահանման վրա, այսինքն՝ եթե 10 տոկոսով արժևորվում է դրամը, 8 տոկոսով նվազում է արտահանումը։ Նախարարը խորհուրդ է տալիս արտահանողներին չֆիքսվել այս պահին եղած փոխարժեքի վրա և աշխատել իրենց տարեկան միջին փոխարժեքի հաշվարկով։ Արդյոք հնարավո՞ ր է նման մեթոդ կիրառել, և որքանո՞ վ կօգնի դա արտահանման ծավալների հարցում։

- Պարոն Քերոբյանը շատ պարզեցված մոտեցում է կիրառել։ Մենք գործ ունենք տարբեր շուկաների հետ՝ դրամն արժևորվել է դոլարի նկատմամբ, շատ ավելի՝ եվրոյի նկատմամբ, բայց ռուսական ռուբլու համեմատ մենք գործ ունենք արժեզրկման հետ։ Այսինքն՝ ռուսական շուկան այս տեսանկյունից մեզ համար ավելի մատչելի է դարձել, իսկ արտահանման առումով ռուսական շուկան մոտավորապես մեր արտահանման 30 տոկոսն է, այսինքն՝ չի կարելի մի կաթսայի մեջ դնել տարբեր արժույթները։ Գաղնիք չէ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով պայմանավորված՝ հայ արտադրողը նոր հնարավորություններ է ստացել, և էկոնոմիկայի նախարարը պետք է մտածի, թե ինչպես այդ հնարավորությունները հասանելի դարձնի մեր արտադրողներին։ Ռուսաստանը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև, և եթե այսպես շարունակվի, այնտեղ ապրանքային սով է լինելու՝ խոսքը, օրինակ, գյուղմթերքի մասին է։ Պարզ է, որ Հայաստանի հնարավորություններն այնքան մեծ չեն, որ Ռուսաստանի շուկան փակեն, բայց սա մի փոքր հատված է, որից կարող են օգտվել մեր արտադրողները։ Վերամշակող արդյունաբերության համար սա հնարավորություն է։ Վերջին ամիսներին ես տեսնում եմ վերամշակող արդյունաբերությունը, ի հակառակ հանքարդյունաբերության, ավելի տպավորիչ աճ է դրսևորել: Հուսով եմ՝ այս գործոններն սկսել են աշխատել։ 

Նարա Մարտիրոսյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում