Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ռուսական մամուլում տարածված տեղեկությունների ֆոնին «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների իրացման հնարավոր կասեցման վերաբերյալ ՌԴ պատկան մարմիններից պաշտոնական որևէ հաղորդագրություն չի ստացել, և ներկայումս քայլեր են ձեռնարկվում իրավիճակը պարզաբանելու ուղղությամբ։
«Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզորի» գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզորից» կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել:
Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Արդյունքները կհրապարակվեն»,- ասվում է հաղորդագրությունում: