Ընտրությունների նախընթաց
շրջանում ընդդիմադիր բևեռը մեկ խնդիր ունի՝ հնարավոր բոլոր միջոցներով դեպի իրեն հակել
մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ կորզելու վերջիններիս քվեն։
Նկատենք, որ տևական ժամանակ
է, ինչ ընդդիմադիր հայտնի եռյակը ներկայացնող ուժերը երեստվանքի ժանրում հիշեցնում
են, թե այս ընթացքում ի՜նչ բարեգործություններ են արել ղարաբաղցիների համար՝ թել ու
ասեղից սկսած։
Եթե ծնունդով ղարաբաղցի Ռոբերտ
Քոչարյանն իր համերկրացիների սիրտն ու քվեն
նվաճելու համար նրանց հետ հանդիպումներում խոստանում է հետամուտ լինել վերջիններիս
վերադարձի իրավունքի իրացմանը՝ չմոռանալով շեշտել՝ «դա հեշտ չի լինելու», Գագիկ Ծառուկյանը,
խասյաթի համաձայն, կամերաների առաջ հաշվետվություններ
է ներկայացնում իր արածների մասին, ապա Սամվել Կարապետյանի թիմը, մասնավորապես Նարեկ
Կարապետյանն այլ մարտավարություն էր բանեցնում՝ օրերս փորձում էր տպավորություն ստեղծել, թե ՀՀ իշխանությունները
անտերության են մատնել ղարաբաղցիներին, նրանց դիմավորող-տեղավորող չի եղել, նրանց մատից
մի փուշ հանող չի եղել։ Ավելին, մինչ իրենք՝
«տաշիրենք», ընդունում, կարեկցում, տեղավորում, աջակցում էին խեղճ ու անօգնական ղարաբաղցիներին,
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․․․ պարգևավճարներ էր բաժանում
ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին։ Ի դեպ, Կարապետյանն իր հարցազրույցի այս կտորը
վերնագրել է այսպես՝ «ՔՊ-ի իրական դեմքը՝ փո՞ղ, թե՞ հայրենիք»։ «Երբ մենք գիշերները
չէինք քնում, էդ ամբողջ սթրեսի մեջ, ողջ ծանրության մեջ, ԱԺ նախագահի ձեռքը գնացել
է, պարգևավճարներ է բաժանել։ Երբ 100 հազար մարդ անտուն էր, պարգևավճարներ է բաժանել
իրենց պատգամավորներին»։
Նարեկ Կարապետյանի հոր կուսակից
ընկեր Էդուարդ Շարմազանովը կրտսեր Կարապետյանի
նման պահվածքը հաստատ այսպես կբնութագրեր՝
«դիշովի պոպուլիզմ»։ Սերժ Սարգսյանն էլ երևի կավելացներ՝ «Նարեկ ջան, սիրուն չի»։
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը
գլխավորող անձը, փաստորեն, ապացուցում է, որ անբարոյականությունը չունի սահմաններ,
հանուն քաղաքական օրակարգի սպասարկման՝ նա պատրաստ է անգամ խեղաթյուրել ակնհայտը, կեղծել
իրականությունը, զրոյացնել ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերը։
Նարեկ Կարապետյանի այս հայտարարության
հետքերով Civic.am-ը հարցում է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝
պարզելու՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստան տեղափոխված,
ՀՀ-ում բնակվող ԼՂ քաղաքացիներին առնչվող սոցիալական ծրագրերի իրականացման համար ՀՀ
պետական բյուջեից որքա՞ն միջոցներ են հատկացվել-ծախսվել։ Խնդրել էինք տարեկան կտրվածքով՝
2023 թ․-ից 2026 թվականը ներառյալ, ներկայացնել պետբյուջեից
ծախսված (ծախսվելիք) միջոցների չափը։ Խնդրել էինք նշել նաև Կառավարության կողմից իրականացված
վերոհիշյալ սոցիալական ծրագրերից օգտվող շահառուների թիվը։
Ի պատասխան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարությունից հայտնել են, որ ՀՀ կառավարությունն այս ընթացքում՝ 2023-ին,
2024-ին, 2025-ին կայացրել է մի շարք որոշումներ, որոնցով իրականացվել են մի շարք ծրագրեր։
Իրականացված ծրագրերի, դրանց տևողության,
դրանցից օգտված շահառուների թվի, պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների մասին՝
ստորև։
Նշենք, որ օրերս ՆԳ նախարարն
անդրադարձավ շահարկումներին, թե
պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր
հայրենակիցներին: Նախարարը հիշեցրեց՝ 2025-ին քաղաքացիություն ստացածների թիվը
եղել է 19,367, բայց Ղարաբաղից տեղահանված 36,676 անձ, ըստ էության, ձեռք է բերել
ՀՀ քաղաքացիություն, որից մի հատվածը եղել է անձնագրավորման ռեժիմով, մնացյալ
մասը՝ նախագահի հրամանագրով:
Հեղինե Մանուկյան
