Որքան մոտենում են ընտրությունները, այնքան բազմազան է դառնում ՀՀ-ի դեմ հիբրիդային գրոհների ինտենսիվությունը, այնքան բազմազան է դառնում կառավարող ուժի դեմ կիրառվող հակաքարոզչության գործիքակազմը, որին անմասն չէ ընտրապայքարին մասնակցող ընդդիմությունը։ Կառավարող ուժի վերաբերյալ տարածվող կեղծ, մանիպուլյատիվ լուրերի, քարոզչական նյութերի «մենյուն» վերջին օրերին «հարստացվել» է ևս մեկով՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցվել են պաստառներ, որոնց վրա պատկերված է համբուրվող նույնասեռական զույգ, որը ցուցադրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական «սիրտը»։
Նկատենք, որ ՔՊ-ին ԼԳԲՏ համայնքի
հետ ամեն կերպ կապելու ու այսպիսով ՀՀ ընտրողներին մանիպուլացնելու ձեռագիրը նոր չէ։
Այն թարմացվում է պարբերաբար, հատկապես նախընտրական շրջանում՝ կառավարող ուժի դեմ իրականացվող
քարոզչական արշավի շրջանակներում։ (Հիշեցնենք՝ 2018-ին ընդհուպ լուրեր էին տարածվում,
որ հեղափոխությունն իրականացրել է ԼԳԲՏ համայնքը՝ Սորոսի հիմնադրամի միջոցներով)։
Նույն քարոզչական տրյուկը սերժաքոչարյանական քարոզչամեքենան,
ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համակարգմամբ, նկատենք, բանեցնում
էր նաև 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում։ Մասնավորապես ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի
ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Հ1-ի եթերում նախընտրական
քարոզարշավի ժամանակ հարց էր հղել Նիկոլ Փաշինյանին՝ իշխող կուսակցության հիմնադրամում
«ԼԳԲՏ երկու կարկառուն ակտիվիստների» ներգրավված լինելու մասին։ «Դուք պարտավորություն
ունե՞ք էդ ակտիվիստների նկատմամբ, թե՞ չէ՝ ձեր օգտին փող հավաքելու համար»,-հարցրել
էր նախկին նախարարը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր՝ ՀՀ բոլոր քաղաքացիների
նկատմամբ բացի իր հրապարակային պարտավորություններից՝ ուրիշ ոչ մի պարտավորություն
չունի։
Նկատենք, որ ս.թ. հունվարին ԼԳԲՏ թեման կրկին
ակտիվացել էր։ Չինաստանի գլոբալ
հեռուստատեսային ցանցի թուրքալեզու ծառայությունը՝ CGTN
TÜRK-ը, հունվարի 31-ին գրել էր, թե ԼԳԲՏ+ համայնքը
նախատեսում է 2026-ի ապրիլի 7-ին երթ անցկացնել Երևանում։ Ըստ նյութի հեղինակ Օկայ
Դեպրեմի՝ Հայաստանի վարչապետը դրական է վերաբերվում «շարժման
օրինականացմանը»։ Այն մեծ տարածում էր գտել տարբեր սոցհարթակներում, նաև՝
Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Վարչապետի մամուլի
քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում և pastinfo.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե Փաշինյանը հավանություն է տվել
ԼԳԲՏ+ համայնքի շքերթի անցկացմանը.
«Մեդիա
դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի
անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել էր խոսնակը։
ԼԳԲՏ համայնքի հետ կապված քարոզչական
շահարկումները մեծ հավանականությամբ նոր թափ կստանան առաջիկայում՝ հաշվի առնելով թեմայի
զգայունությունն ու մեր հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքը թեմային։