Պարզապես այստեղ վիրավորվել է թուրքի ինքնասիրությունը. Հովհաննիսյանը՝ Դավութօղլուի հայտարարության մասին. ՀԺ
Օրեր առաջ Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում էր կատարել, որում խորապես ցավ էր հայտնել Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համար և մտահոգվել, որ այդ զարգացումների պատճառով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին օրերին՝ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո, Ղազախստանում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվեցին անկարգություններով և ծեծկռտուքներով՝ վերածվելով զինված բախումների: Այդ ամենի հետևանքով եղան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ: Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբ է ուղարկել այդ երկիր, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Դավութօղլուի հայտարարությանը, նկատեց՝ նա նախկին վարչապետն է Թուրքիայի, հասարակական-քաղաքական գործիչ, որի խոսքերը շատերին են տեսանելի, այդ պատճառով էլ հենց Դավութօղլուն է խոսում այդ մասին:

«Իրականում մերձէրդողանյան ԶԼՄ-ները, փորձագետները, վերլուծաբանները նույն կարծիքին ու համոզմունքին են: Իրենք ոչ թե բարձրաձայնում են այն հարցը, թե ինչու է Հայաստանը զորք ուղարկում Ղազախստան, պարզապես այստեղ վիրավորվել է նրանց ինքնասիրությունը: Գաղտնիք չէ, որ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը հայտարարում էին, որ Հայաստանը բանակ չունի, այն ջախջախված է: Եվ հանկարծ Հայաստանը խաղաղապահ զորքեր է ուղարկում թուրքական անդամակցության անդամ երկրին, ընդ որում՝ պանթյուրքիզմի հենասյուներից մեկը հանդիսացող Ղազախստան: Սա է խնդիրը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ անհրաժեշտություն կա՞, որ հայկական կողմը արձագանքի այսպիսի հայտարարություններին, թուրքագետը բացասական պատասխան տվեց:
«Ընդհանրապես պետք չէ Թուրքիայի կողմից եկող այսպիսի հայտարարություններին արձագանքել, եթե դրանք չեն հնչել իշխանության շուրթերից: Դավութօղլուի մակարդակի գործիչների հայտարարություններին պատասխան պետական մակարդակով պետք չէ տալ»,- կարծում է նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիայում օրեցօր մեծանում է հիստերիան, որը երևում է նաև իշխանամերձ ԶԼՄ-ների հրապարակումներում. «Ղազախստանում սկսած այդ դեպքերի միջոցով Ռուսաստանը կարողացավ պոկել Ղազախստանին Թուրքիայի ամբողջական վերահսկողությունից»:

Դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունները բանակցային նոր փուլ են մտնում, հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը, հարցին՝ Թուրքիայի կողմից այսպիսի ազդակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ բանակցությունների վրա, Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Ազդեցություն, բնականաբար, կունենա: Թուրքիան այդ հանդիպմանն այնպիսի թեզեր է առաջ տանելու, որ բանակցությունները փակուղի են մտնելու: Վերջին զարգացումների ֆոնին այդ երկիրը փորձելու է «պատժել» Ռուսաստանին: Վստահ եմ՝ առաջ քաշած թեզերով անհնարին պահանջներ է դնելու, որոնք ո՛չ ՀՀ-ին, ո՛չ էլ ՌԴ-ին ձեռնտու չեն լինելու»:

Թուրքագետի կարծիքով՝ Ղազախստանում իշխանափոխություն փորձեցին անել թուրքերը: «Նրանք ուզում էին իշխանության բերել ավելի թուրքամետ գործիչների, որոնք կկարողանային դուրս գալ Ռուսաստանի վերահսկողությունից: Սակայն դա չհաջողվեց, քանի որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի միջոցով զորք մտցրեց Ղազախստան և այն ամբողջությամբ վերցրեց իր վերահսկողության տակ: Թուրքիան այսպիսով ընկավ թակարդը և կորցրեց Ղազախստանը»,- նշեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակատար են, և դիվանագիտական ռեսուրսները զուր վատնվելու են:
«Դրա փոխարեն մենք կարող ենք այլ տեղ ծախսել մեր դիվանագիտական ռեսուրսները: Պետք է ինքնուրույն մեզ համար ձևավորենք արտաքին քաղաքական վեկտորներ և դրանցով առաջ շարժվենք: Պետք է փորձենք գտնել տնտեսական գոտիներ, որտեղ կկարողանանք մեզ դրսևորել»,- կարծում է նա: