Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։
Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։

Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:
Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։
Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:
Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։
Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։