ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները կքննարկեն Աֆղանստանից եկող անվտանգության սպառնալիքները. Հայաստանի դիմումն օրակարգում չկա
Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԱՊՀ երկրների փոխգործակցության հարցերը՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի խնդիրների համատեքստում։

Հոկտեմբերին կայացել էր ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Այն ժամանակ Պատրուշևը նշել էր, որ Համագործակցության երկրների սպառնալիքները մշտապես փոփոխվում են, մասնավորապես, անհրաժեշտ է տնտեսական անվտանգության ոլորտում ոչ ստանդարտ լուծումներ փնտրել՝ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների ֆոնին։

ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ Ռամիլ Ուսուբովը և Արմեն Գրիգորյանը, անդրադարձել է երեկ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ինտենսիվ մարտերին։

«Երևանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը հարձակման է անցել հանրապետության տարածքի խորքում։ Վտանգի տակ է հայտնվել մայրաքաղաքը երկրի հարավային շրջանների և Իրանի հետ կապող պետական մայրուղին։ Բաքուն կատարվածի համար մեղադրեց Երևանին՝ հայկական զինված ուժերին մեղադրելով սադրանքի մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հայ զինծառայողները հարձակվել են ադրբեջանցի զինվորականների դիրքերի վրա», - նշվում է հոդվածում, հավելելով, որ  իրադարձությունների կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի հետ։ ՌԴ պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դրանից հետո Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները միջոցներ են ձեռնարկել սահմանին իրավիճակը կայունացնելու համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամաբ՝ այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են նաև Աֆղանստանի տարածքից բխող անվտանգության սպառնալիքները։

«Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում են Աֆղանստանի տարածքից բխող ԱՊՀ երկրների անվտանգությանը սպառնացող վտանգները, միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, կենսատեխնոլոգիայի զարգացման հետ կապված խնդիրները», - ասվում է ուղերձում։

Մամուլի ծառայությունից նշել են, որ հանդիպմանը կքննարկվեն նաև մարդասիրական արձագանքման և հանցավոր նպատակներով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործմանը հակազդելու փոխգործակցության ծրագրերը։