Մակրոնն առաջարկել է արգելել երեխաների համար վնասակար AI-ի որոշ մոդելների օգտագործումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արհեստական ​​բանականության (ԱԲ) մոդելների օգտագործումը, որոնք վտանգավոր են անչափահասների համար, կարող է արգելվել։ Մակրոնն այս մասին հայտարարել է Les Echos թերթին տված հարցազրույցում։


«Եթե ԱԲ-ի օգտագործման որոշակի ձևեր ռիսկեր են ստեղծում երեխաների համար, դրանք պետք է արգելվեն»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։


Մակրոնը նշել է գիտական ​​հանրության ներգրավվածության կարևորությունը երեխաների վրա ԱԲ-ի ազդեցության ուսումնասիրման գործում։ Նրա խոսքով՝ մասնագետները պետք է որոշեն, թե ԱԲ-ի հետ փոխազդեցության որ տեսակներն են վտանգավոր անչափահասների համար։


Ֆրանսիայի նախագահը արհեստական ​​բանականության ոլորտում անբավարար կարգավորումը համեմատել է «Վայրի Արևմուտքի» հետ։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդհուպ մինչև վնասաբեր մոդելների լիակատար արգելք։


«Մենք կառավարությունների և ընկերությունների հետ համատեղ մշակում ենք առաջին խարտիան, որը կամրագրի նախնական աուդիտի և հավաստագրման սկզբունքը»,- ասել է Մակրոնը։


Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ երեխաների կողմից արհեստական ​​բանականության օգտագործման կարգավորմանն ուղղված փաստաթուղթը կներկայացվի նոյեմբերի 10-11-ը Փարիզի խաղաղության ֆորումում։


Ֆրանսիական իշխանությունները մտադիր են հասնել նախաձեռնության իրականացմանը եվրոպական մակարդակով, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Կանադայի և այլ երկրների միացմանը դրան։