Էրդողանը կայցելի Իրան, կստորագրվի երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն այսօր հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ապագայում կմեկնի Իրան, հայտնում է Iran Front Page-ը։
Այսօր Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Աբդոլլահիանը հավելել է, որ Էրդողանի այցի ընթացքում Թեհրանն ու Անկարան կստորագրեն Թեհրան-Անկարա համագործակցության ճանապարհային քարտեզ։
Նա նաև նշել է, որ Չավուշօղլուի հետ Թեհրանում «լավ» բանակցություններ են վարել՝ տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ։ Իրան-Թուրքիա հարաբերությունները որակելով պատմական և բարեկամական՝ նա հավելել է, որ Թեհրանն ու Անկարան ավելի կընդլայնեն իրենց կապերը, երբ առաջ գնան նրանց զարգացման ճանապարհով։
Իրանի ԱԳ նախարարը ասել է, որ Իրանին և Թուրքիային հաջողվել է ոչ միայն պահպանել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը՝ Covid19-ի համավարակի պայմաններում, այլև ընդլայնել այն։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, «ճնշող» է որակել այն։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ Իրանի միջուկային գործարքին, վերացնել պատժամիջոցները, և հույս է հայտնել, որ Վիեննայի բանակցությունները լավ արդյունքներ կտան։
Թուրքիայի արտգործնախարարն Իրանը բնութագրել է որպես Թուրքիայի բարեկամ՝ մեջբերելով իրանցի հայտնի բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիի «Որտե՞ղ է ընկերոջ տունը» բանաստեղծությունը. «Ես Իրանը միշտ տեսել եմ որպես ընկերոջ տուն»։
Սյուզի Սիրականյան