Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ նույն օրը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական ստորաբաժանումները հրազենից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Յելիջա գյուղի մերձակայքում աշխատող ինժեներական տեխնիկան։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ գնդակոծված տեխնիկան ներգրավված էր դեպի դիրքեր տանող ճանապարհի շինարարության աշխատանքներում։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն անհապաղ կերպով համարժեք միջոցների են դիմել, անձակազմի շրջանում կորուստներ չկան», - ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։
Նշենք, որ երեկ՝ ժամը 14.50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոց են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական տարածքում «Դուզ» կոչվող հանդամասում վարուցանք կատարող՝ նույն գյուղի բնակիչ Թ. Ասատրյանի կողմից վարվող «ԴՏ-75» տրակտորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ձախակողմյան ապակին: Հակառակորդին, սակայն, չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տրակտորում գտնվող Թ. Ասատրյանին հաջողվել է թաքնվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում: