Որքա՞ն է կազմել միջին անվանական աշխատավարձը. Վիճկոմիտեն հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի տվյալները

Միջին ամսական  անվանական աշխատավարձը ՀՀ-ում 2024 թվականի  առաջին եռամսյակում կազմել է 282 հազար 879 դրամ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկանքից։ Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (8.2%) միտում գրանցված գնանկման (1.2%) նկատմամբ:

ՎԿ-ն ներկայացրել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձի աճի դինամիկան։   Ըստ այդմ՝  2019-ին այն կազմում էր  182 հազար 673 դրամ,  2020-ին՝ 189 հազար 716 դրամ, 2021-ին՝ 204 հազար 48 դրամ, 2022-ին՝ 235 հազար 576  դրամ, նախորդ տարի էլ՝ 269 հազար 994  դրամ։ 

Ըստ ՎԿ-ի՝ ամենաբարձր աշխատավարձը 2024-ի առաջին եռամսյակում արձանագրվել է Երևանում՝ 323  հազար 767   դրամ,  այնուհետև Սյունիքում՝ 294 հազար 704 դրամ, երրորդ տեղում անվանական աշխատավարձի բարձր լինելով Տավուշն է՝ 202 հազար 89 դրամ։  Ամենացածր աշխատավարձը  այս տարվա առաջին եռամսյակում Շիրակի մարզում է արձանագրվել՝  141 հազար 582 դրամ,  Գեղարքունիքում էլ, ի համեմատ Շիրակի,  փոքր-ինչ է բարձր միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 143 հազար 491  դրամ։ 

Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը, ինչպես տեղեկանում ենք ՎԿ-ից,  2023թ. IV եռամսյակում կազմել է 1 354.5 հազ. մարդ, որոնց 86.9%-ը կամ 1 177.1 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, այդ թվում 14.8%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում։ ՎԿ-ի կողմից 2022թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն (ըստ ԵՄ անդամ-երկրներում կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության  մեթոդաբանության)՝ գործազրկության մակարդակը (հետազոտվել է 7 788 տնային տնտեսություն)  կազմել է աշխատուժի 13.5%-ը կամ 176.6 հազ. մարդ:   
Հ. Մ.