ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հումանիտար, զարգացման և խաղաղության փոխկապակցվածությանը նվիրված աշխատաժողովին։


ՆԳՆ-ից հայտնում են, որ աշխատաժողովին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի գործընկերներ։


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին աշխատաժողովին ակտիվ ներգրավվածության և առաջարկված բովանդակային ծրագրերի համար։


«Անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման և փրկարար ծառայության կարողությունների զարգացման երեք հիմնական ուղղություններին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է ենթակառուցվածքների արդիականացման , վաղ ազդարարման համակարգերի կատարելագործման և հասարակության շրջանում պատրաստվածության մշակույթի ձևավորման կարևորությանը։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ներդրումը կարևոր նշանակություն ունի փրկարար ծառայության ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզային փրկարարական ջոկատների կարողությունների զարգացման գործում»,-նշված է հաղորդագրության մեջ։


Փոխնախարարն ընդգծել է վաղ ազդարարման համակարգերի, հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղություններով տարվող աշխատանքների կարևորությունը։


Նա նշել,որ ներկայացված յուրաքանչյուր ծրագիր պետք է համահունչ լինի թվայնացման օրակարգին, քանի որ վաղ ազդարարման համակարգերի, բնակչությանն օպերատիվ իրազեկելու տեսանկյունից կարողությունների զարգացումը և թվայնացումը փոխլրացնող գործընթացներ են։


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկերի կառավարման խնդրին, ընդգծել է կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորությունը։


ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման փուլում կարևոր է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։


Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում մասնակցիները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։