Թրամփի հատուկ ներկայացուցիչները այսօր ժամանել են Մոսկվա

Այսօր՝ նոյեմբերի 12-ի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը։


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։


Քուշները և Ուիթքոֆը կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև նրանք կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։


Թե ինչ է քննարկվելու հանդիպումների ընթացքում՝ չի հստակեցվում: Քուշները միայն հայտարարել է, որ կխոսվի այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում։