Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծը։
Լավրովի խոսքով՝ Հայաստանը 2024 թվականից անդամավճարներ չի փոխանցում, ինչի հետևանքով քննարկվում է երկրի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը։
«2024 թվականից՝ արդեն ավելի քան երկու տարի, Երևանը չի փոխանցում անդամավճարները։ Որոշման նախագիծը նախատեսում է կասեցնել Հայաստանի քաղաքացիների՝ քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքը և զրկել ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա տեղեկացմամբ՝ հարցը քննարկվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում։
Լավրովը նաև նշել է, որ նույնիսկ նման որոշման ընդունման դեպքում Հայաստանի համար կպահպանվեն կազմակերպության շրջանակում նախատեսված հիմնական իրավունքները, այդ թվում՝ հավաքական անվտանգության իրավունքը։