Եվրոպան չպետք է ուրիշներին թույլ տա որոշել տեխնոլոգիայի ապագան. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պետք է զարգացնի սեփական առաջադեմ արհեստական բանականության մոդելներն ու ամրապնդի տեխնոլոգիական ինքնիշխանությունը՝ չդառնալով կախված ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից։


«Մասնավոր ներդրողների հետ միասին մենք ցանկանում ենք զարգացնել մեր սեփական եվրոպական առաջադեմ արհեստական բանականության մոդելները (Frontier AI)։ Դրանով մենք ապահովում ենք մեր սեփական ազատության տեխնոլոգիական հիմքը»,- նշել է Մերցը։


Նրա խոսքով՝ Եվրոպան ոչ միայն կախված է այլ երկրների տեխնոլոգիական հնարավորություններից, այլև ինքն ունի լուրջ ազդեցություն համաշխարհային շուկայի վրա։ Կանցլերն ընդգծել է, որ 450 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկան աշխարհի խոշորագույններից մեկն է, և այլ երկրներ նույնպես կախված են եվրոպական շուկայից։


Մերցը նաև նշել է, որ Գերմանիայում գործում են համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, որոնք կարող են ապահովել անհրաժեշտ ամպային ենթակառուցվածքների զարգացումը։


«Ես բացարձակապես վստահ եմ, որ մենք իսկապես կհասնենք տեխնոլոգիական ինքնիշխանության այս ոլորտում»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։


Մերցի հայտարարությունը վկայում է, որ Եվրոպան մտադիր է ակտիվացնել ներդրումներն արհեստական բանականության ոլորտում և ամրապնդել սեփական դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական մրցակցության պայմաններում։